Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային համաձայնության հասնելու մասին

11/06/2025 17:53 Միջազգային

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները բանակցությունների արդյունքներով համաձայնության են եկել փոխադարձ մաքսատուրքերի զգալի կրճատման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում:

«Չինաստանի հետ մեր համաձայնությունը պատրաստ է և ենթակա է վերջնական համաձայնեցման իմ և նախագահ Սիի կողմից…. Հարաբերությունները հիանալի են:

Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար», – գրել է Թրամփը:Նա նշել է, որ համաձայնագրի շրջանակներում Վաշինգտոնը չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կիջեցնի 145%-ից մինչև 55%, իսկ Պեկինն ամերիկյան ապրանքներինը՝ 125%-ից մինչև 10%: Բացի այդ, Չինաստանը լիարժեք կերպով կմատակարարի մագնիսներ և հազվագյուտ հողային մետաղներ, իսկ ԱՄՆ-ն չինացի ուսանողներին կրկին թույլ կտա ուսանել ամերիկյան բուհերում:

Ապրիլին Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի ընդլայնել էր մի շարք հազվագյուտ հողային մետաղների և մագնիսների արտահանման սահմանափակումները, բայց հետո սկսել է թույլատրել որոշ մատակարարումներ: Լոնդոնում հունիսի 9-10-ին տեղի են ունեցել բանակցություններ Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, որի արդյունքները կողմերը դրական էին գնահատել։