Պլաստիկը սպառնում է Միջերկրական ծովի կենսաբազմազանությանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Պլաստիկը սպառնում է Միջերկրական ծովի կենսաբազմազանությանը։ Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Միջերկրածովյան միությունը (Union for the Mediterranean – UfM)՝ Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 43 երկրներ միավորող կառավարությունների միջկառավարական կազմակերպությունը, իր կենտրոնական գրասենյակից՝ Բարսելոնայից, շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ հանդես է եկել լրջագույն նախազգուշացմամբ.
Եթե աղբի կառավարման համակարգը արմատապես չբարելավվի, ապա 25 տարի անց Միջերկրական ծովում պլաստիկի քանակը կարող է գերազանցել ձկների քանակին։
Փաստեր և վտանգներ
Միջերկրական ծովը համարվում է աշխարհում պլաստիկով ամենաշատ աղտոտված ծովային գոտիներից մեկը։
Չնայած այն կազմում է Համաշխարհային օվկիանոսի տարածքի 1%-ից պակաս, այստեղ կուտակված է աշխարհի միկրոպլաստիկի շուրջ 7%-ը։
Աղտոտման հիմնական աղբյուրներն են՝
Անբավարար կառավարվող աղբի հոսքերը ափամերձ բնակավայրերից,
Զբոսաշրջությունը և նավագնացությունը,
Չմաքրված կոյուղաջրերի արտահոսքը։
Կազմակերպության կոչը
Միջերկրածովյան միությունը կոչ է անում․
Աղբի կառավարման համակարգերի արմատական բարելավում,
Շրջանաձև տնտեսության սկզբունքների ներդնում,
Բնակչության և բիզնեսի բնապահպանական իրազեկվածության բարձրացում,
Միջազգային համագործակցության խթանում՝ ծովային միջավայրի պահպանման ուղղությամբ»։
–00—ՍՊ