Թուրքիայի ԱԳ փոխնախարարը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էքինջիին։
Կողմերն անդրադարձել են վրաց-թուրքական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստին, որն անցկացվելու է այս տարվա հուլիսին Թբիլիսիում։
Վրաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը նշել են նաև տարածաշրջանային ձևաչափերով, մասնավորապես՝ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում հաջող համագործակցությունը, և ընդգծել այդ երկրների միջև համագործակցության և «Միջին միջանցքի» զարգացման գործում ռազմավարական նախագծերի հաջող իրականացման կարևորությունը։
Վրացական կողմը շեշտել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտությունը և հայտնել իր պատրաստակամությունը նպաստելու այդ գործընթացին։
Նշենք նաև, որ հունիսի 3-ին Թբիլիսիում կկայանա Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Վրացական պատվիրակությունը գլխավորում է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, իսկ թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էքինջին։
–00–ԱՀ