Ստամբուլում կայանալիք բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անվտանգության խորհրդականները կմասնակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հունիսի 2-ին նախատեսված խաղաղության շուրջ բանակցություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։
«Եվ մեզ հետ կլինի, այսպես կոչված, «եվրաեռյակը»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի անվտանգության խորհրդականները», – նշել է Քելոգը։
Նրա խոսքով՝ Լոնդոնում ավելի վաղ կայացած քննարկումների ընթացքում հենց «եվրաեռյակն» է նպաստել Ուկրաինայի համար դրույթների ձևավորմանը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած Մոսկվայի պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների լուծման ուղիների վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը։
Ուկրաինան և Ռուսաստանը մայիսի 16-ին Ստամբուլում խաղաղության շուրջ բանակցություններ են անցկացրել, որտեղ ձեռք բերված համաձայնության արդյունքում կողմերը գերիների փոխանակում են անցկացրել «1000-ը 1000-ի դիմաց» սկզբունքով։
–00–ԱՀ