Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության

24/05/2025 17:41 Միջազգային

Կաննի 78-րդ կինոփառատոնի փակման օրը՝ մայիսի 24-ի առավոտյան, Ֆրանսիայի հարավում էլեկտրամատակարարումը մասամբ դադարեցվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Le Monde պարբերականը գրում է, որ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առանց լույսի է մնացել շուրջ 160 հազար տուն, այդ թվում՝ Կաննի որոշ հատվածներ, երբ փառատոնի կազմակերպիչները նախապատրաստվում էին «Ոսկե արմավենու ճյուղի» հանձնման արարողությանը։

Ֆրանսիական ազգային էներգետիկ օպերատոր RTE-ն հայտնել է, որ անջատման պատճառ է դարձել երկու խոշոր միջադեպ․ գիշերը ժամը 2:45-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Տաներոնի բարձրավոլտ ենթակայանում, իսկ մի քանի ժամ անց էլեկտրահաղորդման գծի հենակետ է շուռ եկել Սեն Կասիեն լճի շրջանում։

Le Monde պարբերականի փոխանցմամբ՝ RTE-ն չի բացառում, որ հրդեհը կարող է լինել կանխամտածված գործողությունների արդյունք։ Թեև իրավապահ մարմինները դեռևս չեն տվել պաշտոնական գնահատական միջադեպի դիտավորյալ լինելու վերաբերյալ, այն, որ միջադեպը տեղի է ունեցել Եվրոպայի խոշորագույն մշակութային իրադարձություններից մեկի՝ փառատոնի եզրափակիչ օրվա առավոտյան, մեծացրել է ուշադրությունը դիվերսիայի հնարավոր վարկածի նկատմամբ։

Անջատման հետևանքով լույսից զրկվել են ոչ միայն բնակելի տարածքներ, այլև մի շարք կրիտիկական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ երկաթուղային կայարան, լուսացույցներ, ինչպես նաև բջջային և ինտերնետ կապի ծառայություններ։

BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ փառատոնի մի շարք առավոտյան ցուցադրություններ ստիպված են եղել դադարեցվել։ Այնուամենայնիվ, կազմակերպիչները վստահեցրել են, որ փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա՝ շնորհիվ ապահովված ինքնավար գեներատորների։

Փառատոնի կայքը հաստատել է, որ «Ոսկե արմավենու ճյուղի» հանձնման արարողությունը հեռարձակվելու է ուղիղ եթերում՝ France 2 հեռուստաալիքով և Brut հարթակով։

Միջադեպի հանգամանքների շուրջ քննությունը շարունակվում է։

–00–ԱՀ