Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Բուենոս Այրեսում

Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին երթ են անցկացրել Բուենոս Այրեսում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Diarioarmenia-ն։

Նշվում է, որ երթի մասնակիցները UBA իրավաբանական դպրոցի մոտից շարժվել են դեպի Արգենտինայում Թուրքիայի դեսպանի՝ Բուենոս Այրեսում գտնվող նստավայր։ Երթը կազմակերպվել էր Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական կլոր սեղանի (MICA) կողմից։

Երթի մասնակիցները պահանջել են նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումն ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձը իրենց տներ։

երթի ընթացքում մասնակիցները հնչեցրել են Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ուղերձը.

«Այսօր մենք բոլորս այստեղ ենք՝ հիշելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ապրող հայ ժողովրդի դեմ կատարված կոտորածը: Մենք նաև հիշում ենք Լեռնային Ղարաբաղի հայերի կոտորածը, որոնց 2023 թվականին Ադրբեջանը վտարեց իրենց  հայրենիքից։ Պատմությունը կրկնվում է։ Ինչպես 1915 թվականին, այնպես էլ 2023 թվականին հայ առաջնորդները բանտարկվեցին։ Այսօր նրանք պատանդներ են։ Միջազգային հանրությունը հրաժարվեց ընդունել, որ հայերի դեմ նոր ցեղասպանություն է տեղի ունեցել։ Եվ այդ պատճառով այսօր Ադրբեջանը սպառնում է հենց Հայաստանի գոյությանը։ Մենք պետք է վճռականություն ցուցաբերենք՝ կանխելու Հայաստանի և հայերի դեմ նոր ցեղասպանությունը։ Եկեք միասին աշխատենք՝ հայեր և ոչ հայեր, որպեսզի «այլևս երբեք» կարգախոսը իրականություն դառնա»:

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են օրենսդիրներ Մատիաս Լամմենսը, Ֆեդերիկո Գրիլլոն, Կլաուդիա Նեյրան, Ֆեդերիկո Էսվեյնը և Գուստավո Մոլան։

Միջոցառման ընթացքում ուղերձ է հղել նաև Արգենտինայում և Չիլիում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արեն Շահինյանը։

«Հայոց ցեղասպանությունը չի կարող կասկածի տակ դրվել։ Եթե թուրքական կառավարությունը, ադրբեջանցիները և այլ շարժումներ այսօր այն կասկածի տակ են դնում, դա այն պատճառով է, որ նրանք ընդունում են մարդու իրավունքներին հակասող վերաբերմունք։ Նրանք, ովքեր կասկածում են, նրանք, ովքեր ժխտում են, վտանգում և ռիսկի են դիմում ցեղասպանության այլ ձևերի ծաղկման համար, ինչպիսին հարկադիր աքսորը, որին ենթարկվեցին մեր 120,000 հայրենակիցներն Արցախում»,- ասել է Արեն արքեպիսկոպոս Շահինյանը։

–00–ԱՀ