ԵԶԲ-ն դրամաշնորհ է տվել ԷԿԵՆԳ-ին՝ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի գործարկման համար

15/05/2025 Տեսադարան

Հայաստանում գործարկվում է տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգը։ Այն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի տեխնիկական պարամետրերը բնութագրող փաստաթղթի էլեկտրոնային, թվային տարբերակ։ Անձնագրի մեջ ներառվելու են բոլոր տվյալները՝ տրանսպորտի շարժը՝ որտեղ է արտադրվել, երբ է ներկրվել, ում կողմից է ներկրվել։

Այն գործելու է Եվրասիական տնտեսական միության երկրների շրջանակներում։

Սկզբնական շրջանում համակարգը կամավոր սկզբունքով է գործելու, այնուհետև անցում է կատարվելու պարտադիրի։ Կառավարության համապատասխան որոշմամբ համակարգի ազգային օպերատոր է հանդիսանում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերությունը։

Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների» հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի ղեկավարն է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թվային նախաձեռնությունների հիմնադրամը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում իրականացնում է տնտեսության և հասարակական կյանքին վերաբերող տարբեր կարևոր հատվածների թվայնացման գործընթաց։ Որոշակի տեխնիկական և ադմինիստրատիվ աշխատանքներից հետո առաջիկայում արդեն կգրանցվեն էլեկտրոնային անձնագրեր։

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։