Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ

10/06/2025 09:47 Սպորտ

Հայաստանի հավաքականն այսօր արտագնա ընկերական խաղ է անցկացրել Չեռնոգորիայի հետ և 2։2 հաշվով ավարտել այն։ Հայաստանի թիմի կազմում դուբլ է ձևակերպել Էդուարդ Սպերցյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Կարծում եմ՝ որոշ գործոններով կարողացանք բարելավել մեր խաղը։ Կարծում եմ՝ գեղեցիկ խաղ ցուցադրեցինք։ Շատ արագ բացեցինք հաշիվը, հետո արագ էլ բաց թողեցինք։ Հավասար խաղ էր, բայց, կարծես, մենք ավելի շատ պահեր ունեինք․․․ Ժիրայր Շաղոյանի, Նարեկ Գրիգորյանի պահերը։ Արդյունքն, իհարկե, շատ կարևոր է, բայց ավելի կարևոր է տեսնել , որ թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ»,- ասել է մասնագետը։

Հավաքականի կազմում այսօր նորամուտը նշած Դանիել Աղբալյանի մասին՝ Ջոն վան՛տ Սխիպն ասել է․ «Լավ կգնահատեմ Դանիելի խաղը։ Նա մի ֆուտբոլիստ է, որը խաղի ընթացքում հանդես եկավ երկու տարբեր դիրքերում և երկու դեպքում էլ բավական լավ ֆուտբոլ ցուցադրեց։ Նրա խաղում տեսանք բաներ, որոնք մեզ շատ դուր եկան։ Իհարկե, կատարելագործվելու տեղ դեռ ունի, որպեսզի ապագայում ինձ համար կարևոր խաղացող համարվի»։

Մարզչին հարց է ուղղվել նաև Արայիկ Էլոյանի մասին․ «Նա շատ լավ երիտասարդ հարձակվող է, որը գոլեր էր խփել այն ժամանակ, երբ առաջին անգամ հրավիրեցինք հավաքական։Դրանից հետո նույնպես։ Նրա համար շատ կարևոր էր այս խաղաժամանակը ստանալը։ Նա նույնիսկ կարող էր գոլի հեղինակ դառնալ Սպերցյանի հետ կոմբինացիայից հետո։ Վստահ եմ՝ դեռ շատ օգուտ կտա մեր թիմին»։

Մարզիչը խոսել է նաև թիմում մրցակցության մասին։

«Մենք դեռ երեք ամիս ունենք մինչև առաջին պաշտոնական հանդիպումը։ Ֆուտբոլիստները մինչմրցաշրջանային հատվածում պետք է իրենց այնպես դրսևորեն, որպեսզի մեզ համար հետագա կազմի ընտրությունը հասկանալի լինի։ Մրցակցությունը հենց խաղացողների միջև է։ Ազգային թիմում պետք է վստահ լինել, որ ճիշտ պահին ճիշտ տեղում ես։ Նրանք բոլորը հավաքականի Օրինակ, Վատոն այսօր շատ ավելի լավ խաղաց, քան՝ «Փյունիկում»։ Նա նման էր ինքն իրեն, կազմակերպում էր խաղը, կռիվ էր տալիս, պայքարում էր։ Բոլորը պետք է մեկ քայլ առաջ կատարեն՝ մրցակցությունը հաղթելու համար։

Եթե չունենանք լավ մարզավիճակում գտնվող 9 համար, հնարավոր է օգտագործենք կեղծ 9 համար։ Միրանյանն իր ակումբում խաղային պրակտիկա չունի, բայց մեզ համար շատ լավ էր, որ նա այս հավաքին մասնակցեց, շատ լավ էր մարզվում, ցավում եմ՝ քիչ խաղաժամանակ ստացավ։ Բայց նրա համար էլ այս հավաքը լավ էր, որպեսզի կարողանա մրցակցություն ծավալել մյուս խաղացողների հետ»,- ասել է Ջոն վան՛տ Սխիպը:

–00—ՅՄ