Փյունիկը գերգոլառատ խաղում հաղթեց Արարատին և նվաճեց ԿԼ-ի ուղեգիր

17/05/2025 Սպորտ

Fastex Պրեմիեր լիգայի 2024/25թթ. մրցաշրջանի 31-րդ տուրում «Փյունիկը» Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում գոլառատ խաղում 5։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ։

«Նռնագույնների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերժ Դեբելեն, մեկական գոլով աչքի ընկան Էդգար Մալաքյանը և Յուսուֆ Օտուբանջոն, իսկ հինգերորդ գոլը սեփական դարպասը գրավելով գրանցեց հյուրերի հարձակվող Դումբիան։ «Արարատի» կազմում գոլերի հեղինակ դարձան հենց Դումբիան և Մուսա Կանտեն։

Այս հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակեց 53 միավոր, բարձրացավ լավագույն քառյակ և ապահովեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի ուղեգիր։ «Արարատը» 29 միավորով շարունակում է զբաղեցնել 8-րդ հորիզոնականը։

Armsport