Հաջող կյանքը՝ պարտքերով․ ինչպես Ինտերը հայտնվեց ՉԼ-ի կիսաեզրափակիչում՝ տնտեսական ճգնաժամի ֆոնին

30/04/2025 Սպորտ

Ապրիլի 30-ին Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» դեմ: Սպորտային հաջողությունների ֆոնին ակումբը բախվում է լուրջ ֆինանսական ճգնաժամի՝ կուտակելով մոտ 800 միլիոն եվրո պարտք:

Ինչպե՞ս «Ինտերը» հայտնվեց պարտքերի մեջ

2016-ին չինական Suning Group-ը ձեռք բերեց «Ինտերի» 70%-ը՝ վճարելով 307 միլիոն դոլար: Նախագահ Սթիվեն Չժանը ակումբի վրա ծախսեց ավելի քան 800 միլիոն եվրո, սակայն COVID-19-ի հետևանքները և անհաջող ներդրումները (օրինակ՝ Evergrande-ի սնանկացումը) խաթարեցին Suning-ի ֆինանսական կայունությունը:

2021-ին Suning-ը 295 միլիոն եվրո վարկ վերցրեց ամերիկյան Oaktree Capital Management-ից, որը երեք տարում աճեց մինչև 395 միլիոն եվրո: Չինացիները չկարողացան երկարաձգել վարկի մարումը, իսկ Oaktree-ն արգելափակեց այլ գնորդների հետ բանակցությունները: Ի վերջո, Oaktree-ն ստանձնեց «Ինտերի» կառավարումը՝ պարտքը մարելու ժամկետ սահմանելով մինչև 2027 թվականը:

Թանկարժեք կազմ, սահմանափակ եկամուտներ

«Ինտերն» ունի Սերիա Ա-ի ամենաթանկ կազմը՝ 709 միլիոն եվրո արժեքով, և ամենաբարձր աշխատավարձային ֆոնդը՝ 206 միլիոն եվրո: Սակայն 2023/24 մրցաշրջանում ակումբը վաստակել է ընդամենը 391 միլիոն եվրո, ինչը Deloitte Football Money League-ում նրան տեղափոխել է 14-րդ հորիզոնական:

Կազմի միջին տարիքը՝ 29.1, ևս խնդիր է: Ակումբը պլանավորում է երիտասարդացնել թիմը՝ հաշվի առնելով վետերան խաղացողների՝ Յան Զոմերի, Հենրիխ Մխիթարյանի և Ֆրանչեսկո Աչերբիի հեռանալու հնարավորությունը, և ստեղծել մինչև 23 տարեկանների թիմ՝ Սերիա C-ում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ