Ազգային արժեքները կիսող քաղաքական ուժերը կանգնած են ճակատագրական քննության առջև
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործող ապազգային իշխանությունների կողմից կազմակերպված արշավը ակնհայտորեն քաղաքական նպատակադրումներ ունեցող գոյաբանական սպառնալիք է ազգային ինքնության և պետական ինքնիշխանության պահպանման համար:
Այս հարձակումը ռազմավարական բնույթ ունի և ակնհայտորեն կառուցված է երկու փոխկապակցված փուլերի շուրջ, որոնք կարելի է անվանել «նվազագույն ծրագիր» և «առավելագույն ծրագիր»:
Նվազագույն ծրագիրը, ըստ երևույթին, նպատակ ունի թուլացնել Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ սահմանադրական կարգավիճակը: Գործող Սահմանադրությամբ ամրագրված այս կարգավիճակը ոչ միայն արտացոլում է դրա պատմական նշանակությունը որպես հայ ժողովրդի հոգևոր միջուկ, այլև ընդգծում է դրա առանցքային դերը ազգային ինքնության պահպանման գործում: Ազդարարված «Սահմանադրական բարեփոխումների» շրջանակում, ըստ էության, առաջ է քաշվում մանիպուլյատիվ դիսկուրս, որտեղ եկեղեցու դերի անկման առաջարկը քողարկվելու է «ժողովրդավարացման» կամ «իրավունքի գերակայության» ներդրման պահանջներով: Միաժամանակ, ՀԱԵ բացառիկ կարգավիճակից ազատվելը ազգային ու ապազգային ուժերի հավասարակշռության լիակատար փոփոխության առաջին քայլն է` ազգային ինստիտուտների թուլացմամբ ներքին ու արտաքին հետաքրքրվածների պահանջով կամ ցանկությամբ:
Առավելագույն ծրագրի վերջնական նպատակը շատ ավելի խորն է և ավելի կործանարար: Այն կարող է ենթադրել Հայ Առաքելական Եկեղեցու լիակատար փլուզումը՝ որպես ազգային ինստիտուտ, որը հազարամյակներ շարունակ պահպանել է հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և գաղափարախոսական միասնությունը։ Այս սցենարը նպատակ ունի ոչնչացնել ազգային ինստիտուցիոնալ անկախության վերջին ամրոցներից մեկը, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի ինքնության խաթարմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ պետականության կորստի և ազգային գոյաբանական աղետի:
Պակաս վտանգավոր չէ այն փաստը, որ առաջին ծրագիրը կարող է լինել երկրորդի իրատեսական «ցատկահարթակ»։ Եկեղեցու կարգավիճակի աստիճանական թուլացմանը կարող է հաջորդել նրա հետագա մարգինալացումը հանրային գիտակցությունից։ Բացի այդ, ՀԱԵ շուրջ հակամարտությունը կարող է օգտագործվել որպես հանրային գիտակցությունը կառավարելու և ընտրական առավելություններ ստանալու կարճաժամկետ մեխանիզմ։ Եկեղեցու նկատմամբ շանտաժն ու ճնշումը, ըստ երևույթին, ներառված են նախընտրական հաշվարկների ավելի լայն համատեքստում՝ ստեղծելով բարեփոխական օրակարգի տպավորություն, մոբիլիզացնելով որոշակի արմատական սոցիալական խմբեր և, վերջին հաշվով, ապահովելով ներկա իշխանության վերարտադրությունը առաջիկա ընտրություններում:
Այս մտահոգիչ գործընթացների ֆոնին ամենահրատապ հարցն այն է, թե ինչպե՞ս կարձագանքեն այս մարտահրավերին այն ուժերը, որոնց համար ազգային ինքնությունն ու ավանդական հայկական արժեքները գերակա են։ Արդյո՞ք նրանց գործողությունները կլինեն բավականաչափ համակարգված և վճռական՝ հաշվի առնելով սպառնալիքների մասշտաբները։ Առայժմ նրանց անգործությանն ու անմիաբանությանն ենք ականատես լինում, որի պատմական ելքը ազգային ինքնության համար աղետալի հետևանքներն են։
Ազգային արժեքները կիսող քաղաքական ուժերը կանգնած են ճակատագրական քննության առջև. կկարողանա՞ն նրանք մոբիլիզացվել և այս ճգնաժամը շրջել հասարակության համախմբման օգտին, կցանկանա՞ն նրանք միավորել իրենց ռեսուրսները և դառնալ կառուցողական ուժ, որը կարող է կանգնեցնել այս հարձակումը հայկական գոյութենական հիմքերի վրա։
Պետք է հստակ գիտակվել, որ այս ազատագրական պայքարը հավատքի կամ եկեղեցական հարցից շատ ավելի հեռու է գնում։ Այն ազդում է հայ ժողովրդի՝ որպես մտավոր և մշակութային համայնքի ճակատագրի, սերունդների շարունակականությունը պահպանելու և միջազգային հարաբերությունների սուբյեկտ մնալու նրա կարողության վրա»։
–00—ՅՄ