ԱԺ-ից հայտարարել են՝ Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Հայաստանի եւ Իսրայելի ժողովուրդներին միմյանց կապում են դարերի խորքից եկող պատմամշակութային կապերը, ճակատագրերի նմանությունը, որոնք կարեւոր նախադրյալներ են փոխգործակցության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոել Լիոնի հետ հանդիպման ընթացքում:
Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ առկա է համագործակցության զարգացման ներուժ:
«Հայաստանը պատրաստ է ուսումնասիրել երկու երկրների միջեւ համագործակցության հնարավորությունները եւ ակտիվացնել երկխոսությունն ու փոխհամագործակցությունը: Վստահ ենք, որ հետեւողական հաղորդակցությունը եւ անկեղծ երկխոսությունը կնպաստեն մեր հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Ծովինար Վարդանյանը: Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբերի ձեւաչափով համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների առավել զարգացման եւ երկկողմ փոխգործակցության արդյունավետության համար:
Դեսպան Ջոել Լիոնը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ անկեղծ երկխոսության համար՝ կարեւորելով խորհրդարանական փոխհամագործակցության ակտիվացումը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 27-ին:
–00—ՍՊ