Թաղապետի հեռախոսին պատասխանող օգնականը չհստակեցրեց՝ Տեր-Մարգարյանն արդյոք «ռայո՞ն» է գնացել
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

24News-ը փորձում էր կապ հաստատել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց օգնականը, ով չներկայացավ:
Մեր դիտարկմանը, որ մենք ուզում ենք զրուցել Տեր-Մարգարյանի հետ` իր հրաժարականի մասին, վերջինս նշեց, որ թաղապետը հրաժարական չի տվել, այս պահին զբաղված է, բայց կփոխանցի, որ անպայման կապ հաստատի մեզ հետ:
Նշենք նաև, որ մեկ ժամ առաջ Տեր-Մարգարյանը ընդունել է Նոր Նորքի բնակիչներին և խոսել նրանց հետ, լրատվամիջոցներին չէր հաջողվել ներկա գտնվել հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն։
Ըստ էության ո´չ հաստատել, ո´չ էլ հերքել է քաղաքապետի խոսնակը տարածվող տեղեկատվությունը:
Համաձայն մեկ այլ հրապարակման` քննարկման արդյունքում «Հանրապետություն» կուսակցությունը եկել է այն եզրահանգման, որ ստեղծված իրավիճակում ճիշտ է՝ թաղապետը հրաժարականի դիմում ներկայացնի, սակայն նրան փոխարինելու է նույն կուսակցություն մեկ այլ ներկայացուցիչ: Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս մայիսի 12-ին, բայց Երևանի քաղաքապետի՝ երկրից դուրս գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ այն դեռևս չի ստորագրվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որտեղ թաղապետն ու այլ աշխատակիցներ ծեծի էին ենթարկել ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանին, վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց:
Տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝ քրեական գործ է հարուցվել`մի խումբ անձանց կողմից ֆիզինական ներգործության հոդվածով, ակտիվիստ Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի` թաղապետարանում Տիգրան Տեր-Մարգարյանի նկարների վրա յոգուրտ լցնելու դեպքով` խուլիգանության հատկանիշներով:
Մերի Մանուկյան
–00—ԱՊ