Պաշտոնների են նշանակում մարդկանց, ովքեր իրենց քննադատողների հետ մտնում են «քրեական ռազբnրկաների» մեջ

30/04/2025 Քաղաքական

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու մյուս պաշտոնյաների վարքը, խմբով մարդուն լկտիաբար ծեծելն ուղղակի խուժանություն է, անարգանք պետության ու պետականության նկատմամբ: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական բարքեր:

ՔՊ վերնախավը պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր իրենց քննադատողների հետ մտնում են «քրեական ռազբորկաների» մեջ և խեղում պետականության արժեքը: Դեռ մի հատ էլ խմբով արդարացնում են տեղի ունեցածը`ինչ-որ քաղաքական հարցերի հղում անելով` այդ կերպ ապացուցելով, որ նեղ քաղաքական ու անձնական շահերը բարձր են պետությունից: Սա դարձել է մեր պետականության գլխավոր սպառնալիքներից:

Պաշտոնյաները պարտավոր են հանդուրժել խիստ, ցնցող քննադատությունը ու նման արձագանքի որևէ իրավունք չունեն: Առավել լկտիություն է նման արձագանքը լրագրողական տեսախցիկների առաջ և ուղիղ եթերում` գիտակցելով, որ իրենց դիտում է հանրությունը:

Արթուր Չախոյանի նկատմամբ նման վարքագիծ ցուցաբերած պաշտոնյաներին քրեական հետապնդման և հետագայում նրանց քրեական պատասխանատվության չենթարկելը կնշանակի տեղի ունեցածի արդարացում, իշխանական շարունակական հովանավորություն»,- գրել է նա:

–00–ԱՀ