Շնորհակալություն բարեկամ հայ ժողովրդին՝ իրանցիների կողքին կանգնելու և նրանց զորակցելու համար

30/04/2025 Քաղաքական

Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվել է Սգո մատյան՝ Բանդարե Շահիդ Ռաջայի նավահանգստում ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահիրին ցավով նշեց, որ պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, փլուզվել են շենք-շինություններ, պատճառվել է նյութական մեծ վնաս։

«Դեպքի մասին տեղեկանալուց հետո Իրանի բոլոր պատկան մարմիններն ու կառույցներն անմիջապես լծվել են պայթյունի հետ կապված խնդիրների լուծման գործին։ Բարեբախտաբար, հաջողվեց հրդեհաշիջման արդյունավետ աշխատանքներն իրականացնել ամբողջ ծավալով, այժմ պայթյունի հետևանքները վերացված են։ Իրավապահ մարմիններն արդեն սկսել են դեպքի հետաքննությունը, որպեսզի բացահայտեն ողբերգության պատճառը: Մենք սպասում ենք համապատասխան մարմինների եզրակացությանը»,- ասաց Թահիրին։

Նա տեղեկացրեց, որ միջադեպից հետո իրանցիները մեկ մարդու պես համախմբված՝ աջակցում էին բոլոր նրանց, ովքեր տուժել էին պայթյունից։ Մարդիկ գնում էին հիվանդանոցներ, որպեսզի արյուն հանձնեին և այդ կերպ օգնեին բժիշկներին ու տուժածներին.

«Աշխարհի տարբեր կողմերից ստացել ենք ցավակցական բազմաթիվ հեռագրեր։ Այդ գործընթացը շարունակվում է: Խորին շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ կառավարությանն ու բարեկամ հայ ժողովրդին՝ այս ծանր պահին իրանցիների կողքին լինելու և զորակցելու համար»,- եզրափակեց փոխդեսպանը:

–00–ԱՀ