Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհի անցանելիությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ճանապարհներ

Մայիսի երկրորդ կեսից պետական միջոցների հաշվին կմեկնարկի «Հ-53,Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիության բարելավում» ծրագիրը:

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի փոխանցմամբ՝ ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 196 միլիոն դրամ: Հայտարարված շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում:

«Ծրագրով նախատեսված է շուրջ 1000 քառակուսի մետր մակերես ընդգրկող փոսային նորոգում, 24 հազար 578 քառակուսի մետր միաշերտ ասֆալտի և ճանապարհային նշանների տեղադրում: Բարելավվող ճանապարհի երկարությունը 11,8 կիլոմետր է, որը սկսվում է Ծովագյուղի խաչմերուկից, անցնում Սեմյոնովկա համայնքով և ավարտվում Գեղարքունիք-Տավուշ սահմանաբաժանում: Ճանապարհի անցանելիության բարելավման ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի Սևան-Դիլիջան ավտոճանապարհային թունելը ենթարկվի հիմնանորոգման»,-ներկայացրել է վարչության պետը: