Եթե Լավրովի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, պարտավոր եք ուղղակի հերքել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԳՆ-ի արձագանքին և պահանջելով 2019-ի ապրիլից բանակցային նոր փաստաթղթի և Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման տարբերակի մասին պնդումների հստակ և միարժեք հերքում կամ հաստատում: Գրառումը՝ ստորև.

«Ծանոթացա ԱԳՆ մամլո խոսնակի այսօրվա արձագանքին, որը, մեղմ ասած, հիասթափեցնող էր թե՛ իր բովանդակային, թե՛ քաղաքական շեշտադրումներով:

Տարակուսելի է այն փաստը, որ երկրի արտաքին քաղաքականության համար տարբեր տրամաչափի պատասխանատուներն արդեն երեք օր շարունակ փորձում են տարբեր բառային և բովանդակային աճպարարություններով արձագանքել ՌԴ նախարարի հայտնի հայտարարությանը, սովորաբար՝ շատախոս, սակայն այս լրջագույն հարցում բերանը ջուր լցրած Հայաստանի վարչապետի ֆռուստրացիոն լռության ֆոնի վրա:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, այդքան ջղաձիգ և անպտուղ ներկայացումների փոխարեն հայ հասարակությունը ձեզանից ակնկալում է 2019 թվականի ապրիլից բանակցային նոր փաստաթղթի և Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման տարբերակի մասին պնդումների հստակ և միարժեք հերքում կամ հաստատում:

«Ո՛չ ձուկ, ո՛չ միս» արձագանքները, հատկապես երբ այսօր կրկին փորձ է արվել մեզ մեղսակից դարձնել ձեր ապաշնորհ և սխալական բանակցային ռազմավարության դառը պտուղները քաղելու գործընթացին, միայն խորացնում են այս հարցով հասարակական և քաղաքական շրջանակների անվստահությունը և հասունացող ներքաղաքական ճգնաժամը:

• Վերահաստատեմ, որ մեր օրոք փուլային լուծման որևէ տարբերակ մեր կողմից չի քննարկվել, ինչի մասին կվկայեն ԱԳՆ-ում առկա արխիվային փաստաթղթերը:

• Ընդծեմ, որ մեր օրոք և ոչ մի համանախագահ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչ չի ասել, որ քննարկումներն ընթանում են փուլային տարբերակով:

• Կրկնեմ, որ 2008-2018 թթ. համանախագահ երկրների, այդ թվում՝ նախագահների կողմից արված հայտարարությունները բացառապես փաթեթային էին:

• Տարակուսեմ, թե Լավրովի հայտարարությունից ինչո՞ւ եք այդքան պապանձվել: Չէ՞ որ մեր օրոք համանախագահների կողմից բարձրաձայնված հիմնարար սկզբունքները և տարրերը նույնպես բանակցային բովանդակության բացահայտում էին:

• Հիշեցնեմ, որ երկար ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները հերքում էին բանակցույթունների մասին լուրերը, մինչև ԱԳ նախարարը, հակասելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային ձևակերպումներին, մի օր ընդունեց ընթացող բանակցությունների փաստը:

• Զարմանամ, որ փորձում եք «կոնֆիդենցիալության» անվան տակ հայ ժողովրդից կրկին թաքցնել, թե այսօր ինչ հիմնարար սկզբունքների և տարրերի շուրջ են ընթանում բանակցությունները: Իհարկե, բանակցային դետալները կարող են դեռ մնալ փակ դռների հետևում (մենք էլ էինք այդպես վարվում), սակայն մեր օրոք ժողովրդից երբեք թաքուն չի պահվել բանակցային հիմնարար սկզբունքների և տարրերի մասին տեղեկատվությունը:

• Մտահոգվեմ, որ արդեն որերոդ անգամ է, ինչ ձեր օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում ընդգծված խոսվում է հումանիտար ծրագրերի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլերի և անհրաժեշտության մասին: Եթե ձեր բանակցածն ընդամենը դա է, ապա սրա ի՞նչը պետք է կոնֆիդենցիալ մնա: Թե՞ սրա անվան տակ ժողովրդին չեք բացահայտում ենթադրվող խաղաղության պայմանները, բաղադրիչներն ու բանաձևը:

• Եվ վերջապես, հուշեմ. Եթե Լավրովի հայտարարությունը իրոք չի համապատասխանում իրականությանը, ապա պարտավոր եք այն ուղղակի հերքել՝ պարզ, հստակ և միանշանակ լեզվով:

Թե չէ մնացածը սատանայից է»: