Վեհափառի կարծիքը չեմ կիսում, բայց պետք է արտահայտվեմ հարգալից. կոնկրետ արշավ է. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

գարեգին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում, անդրադառնալով կաթողիկոսի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը, ասել է, որ խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին, և թե՛ հոգևոր ծառայողները, թե՛ աշխարհիկ մարդիկ ունեն խոսքի, կարծիք արտահայտելու իրավունք: 

«Կարծիք է ասել: Կարծիքը հարգողն ո՞վ է. դատարանը և գլխավոր դատախազությունը: Կհարգեն, կհարգեն, չեն հարգի, չեն հարգի, բայց դրանից դարձնել Հայոց հարցը… Ես ֆեյսբուքյան գրառումներ, արդեն յութուբյան կեղծ ալիքներում տեսանյութեր եմ տեսնում՝ Վեհափառի, եկեղեցու դեմ: Դա ես խիստ դատապարտում եմ, վերջապես, մենք մեր արժեքների, մեր 2-հազարամյա եկեղեցու դեմ ենք գնում:

Ես ինքս Վեհափառի կարծիքը չեմ կիսում, բայց եթե դրա մասին արտահայտվեմ, պետք է արտահայտվեմ հարգալից, որովհետև ամեն ինչ իր ձևը, կարգուկանոնն ունի: Խոսքը գնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին: Մեր պատմության մեջ եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել, որոնք բոլորն էլ փոշի են դարձել, վերացել, գնացել են: Եկեղեցու դեմ կարելի՞ է նման ձևով դուրս գալ»,-ասել է Մարուքյանը:

Այդուհանդերձ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է՝ կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ:

«Այո՛, կոնկրետ արշավ է՝ ոչ միայն ֆեյքերի, նաև քաղաքական առումով: Որովհետև Վեհափառին ավազանի անունով կոչելը վիրավորանք է, նման բան չի կարելի անել: Իրեն կարող են սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, բայց նա օծված է և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է», - ասել է Մարուքյանը: