Քաոսի և անիշխանության վտանգ Արցախում. ընտրությունը միակ ելքն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

արցախ

Արցախի նախագահի թեկնածու, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կոչ է արել իր կողմնակիցներին չմասնակցել ապրիլի 14-ի նախագահական ընտրություններին։ Իհարկե, Մայիլյանը ուղիղ տեքստով չի ասում, որ հրաժարվում է մրցակցությունից, սակայն ակնարկում է, որ մարտի 31-ին տեղի ունեցած ընտրություններն անցել են խախտումների պայմաններում։ 

Իհարկե, ընտրություններին որոշակի խախտումներ եղել են, սակայն նաև այն դիտորդական առաքելությունները, որոնց backgrounde-ն ուղիղ կապված է Մայիլյանի կողմնակիցների հետ, հայտարարում են, որ ընտրություններում տեղի ունեցած որոշակի միջադեպերը ոչ մի կերպ չեն ազդել ընդհանուր գործընթացի վրա։ 

Ավելին, հիմա արդեն շատ հստակ է, որ Մայիլյանի ընտրազանգվածն Արցախում կրիտիկական մինիմում ունի։ Սրա մասին է վկայում այն, որ Սամվել Բաբայանի կուսակցությունը, որն ակտիվորեն աջակցում էր նախագահի թեկնածու Մայիլյանին, կարողացավ երկրորդ տեղով մտնել խորհրդարան, իսկ հենց արտաքին գործերի նախարարի շուրջ ստեղծված միավորումը դուրս մնաց ԱԺ-ից։ Հետևաբար, Մայիլյանի ձայների գերակշիռ հատվածը Սամվել Բաբայանինն է, որն արդեն իսկ ակնկարկել է, որ ընտրությունների երկրորդ փուլում նրան չի աջակցելու։ 

Այս իրավիճակն արդեն իսկ վկայում է, որ երկրորդ փուլում Մասիս Մայիլյանը զրոյին ձգտող հնարավորություն ունի հաղթել։ Եվ, եթե այդպես է, արդեն գրեթե հասկանալի է դառնում, թե ինչու է նա ամեն կերպ փորձում հետաձգել ընտրական գործընթացը կամ կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը։ Մարտավարությունը հասկանալի է, սակայն արդյոք ազնի՞վ է Արցախի պես երկրի համար, թե՞՝ ոչ, արդեն ուրիշ ու բոլորովին այլ քննարկման հարց է։ 

Հիմա, վերադառնանք ստեղծված իրավիճակին։ Ի՞նչ կստացվի, եթե ապրիլի 14-ի ընտրությունները չկայանան այս կամ այն պատճառով, որի հավանականությունը, ի դեպ, բավական ցածր է։ Պատերազմական դրության մեջ գտնվող Արցախը կթևակոխի անիշխանության շրջան՝ այդ իրավիճակին հատուկ անորոշություններով ու խնդիրներով։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ հայկական երկրորդ հանրապետությունը կարող է դեմ առ դեմ կանգնել երկու լրջագույն խնդրի հետ՝ պատերազմի վերսկսման հնարավորություն, ինչպես նաև վերահաս տնտեսական աղետի հետևանքներ, որի մասին խոսում էր նախագահի մեկ այլ թեկնածու Արայիկ Հարությունյանը։ Եվ եթե պատերազմի վերսկումը դեռ ավելի քիչ հավանական է, քանի որ կախված է բազմաթիվ գործոններից, ապա տնտեսական աղետը ոչ միայն ավելի քան իրատեսական է, այլև գրեթե կատարված իրողություն։ Կորոնավիրուսյան համաճարակն աղետալի վիճակ է ստեղծելու ողջ աշխարհում, այդ թվում՝ Արցախում ու Հայաստանում։ Եվ եթե Հայաստանի պարագայում իրավիճակը հստակ է, պատասխանատուները և իրավիճակը հաղթահարելու՝ ի պաշտոնե կոչված անձանց շրջանակն էլ հայտնի, ապա Արցախում վիճակը շատ ավելի բարդ է։ Անիշխանությունն ու քաոսը կարող են հանգեցնել ծանրագույն իրավիճակի, որին գումարվող սահմանադրական ճգնաժամը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ուստի և առկա բարդագույն իրավիճակում, չնայած կորոնավիրուսի վտանգներին, լավագույն լուծումն ընտրություններն ամեն գնով անցկացնելն է, որովհետև դրա այլընտրանքը հղի է քաոսով ու գրեթե անելանելի իրավիճակ ստեղծելու վտանգով։ 

Արմեն Ավանեսյան