ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:
ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը:
«Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսությանը նպաստելու հարցում Մարտին Չունգոնգի գործունեությունը:
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին ու նշել, որ Միջխորհրդարանական միությունը ջանքեր կներդնի այդ հարցում առաջընթաց ապահովելու համար:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր, այդ թվում՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
--00--ԱՀ