Չինաստան-Հայաստան հարաբերությունների արագ և որակյալ զարգացման խթանում. Չեն Մինի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок

Ապրիլի 6-ին Չինաստանը և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձը։ 33 տարվա ընթացքում չին-հայկական բարեկամական հարաբերությունները շարունակել են կայուն և առողջ զարգանալ, տարբեր ոլորտներում համագործակցությունը բերել է նոր արդյունքներ, իսկ երկու ժողովուրդների միջև կապերը դարձել են ավելի սերտ։ Ավանդական բարեկամությունը, որն սկսվել է ավելի քան երկու հազար տարի առաջ՝ Մետաքսի ճանապարհի հին ժամանակներից, ձեռք է բերել նոր կենսունակություն։ 

Նախորդ տարվա ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում արձանագրվել են նշանակալի հաջողություններ։

Անկեղծություն և քաղաքական վստահության խորացում 

Տարբեր մակարդակներով շփումները ակտիվացել են, փոխադարձ այցերի թիվը նկատելիորեն աճել է։ 2024 թվականի հոկտեմբերին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմ զրույց են ունեցել «BRICS+» գագաթնաժողովի շրջանակներում, ինչը նոր թափ է հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Չժան Գուոցինի հետ ատոմային էներգետիկայի առաջին գագաթնաժողովի շրջանակներում։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը այցելել է Չինաստան և հանդիպումներ ունեցել Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՀՀԺ) և Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Միջազգային բաժնի ղեկավարության հետ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես այցելել է Չինաստան և մասնակցել 11-րդ Պեկինյան Սյանշանի ֆորումին։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ժամանել էր Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Կանանց ֆորումին և այցելել Ցինդաո և Պեկին քաղաքներ։ 

Հայաստան են այցելել նաև ԺՀՀԺ-ի, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Միջազգային բաժնի, Չինաստանի առևտրի նախարարության, Չինաստանի Գիտությունների ակադեմիայի և Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունները։ 

Այս տարվա մարտին Պեկինում հաջողությամբ անցկացվեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ, որոնց ընթացքում մանրամասն քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության կարևոր հարցեր։ 

Փոխշահավետ համագործակցությունը և գործընկերությունը վստահորեն առաջ են շարժվում 

2024 թվականին Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերը, իսկ երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 2,8 միլիարդ դոլարը՝ աճելով 34%-ով նախորդ տարվա համեմատ՝ սահմանելով նոր ռեկորդ։ Չինական էլեկտրամեքենաները, սմարթֆոնները, կենցաղային տեխնիկան և այլ ապրանքներ լայն տարածում են գտել Հայաստանում։ Հայտնի չինական բրենդներ, ինչպիսիք են Xiaomi, Gree, Haier, Jetour և այլք, բացել են մասնագիտացված խանութներ երկրում, ինչը հնարավորություն է տվել ավելի շատ հայերի գնահատել Չինաստանի «խելացի արտադրության» գրավչությունը։ 

Մի քանի հայկական ընկերություններ այցելել են Չինաստան՝ մասնակցելու China International Import Expo-ին և Կանտոնյան տոնավաճառին՝ նպաստելով հայկական բրենդային ապրանքների, այդ թվում՝ կոնյակի, գինու, չրերի առաջխաղացմանը չինական շուկայում։ 

Կարևոր համատեղ նախագծերը հաջողությամբ զարգանում են։ Չինաստանի աջակցությամբ սկսվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության 8րդ տաղավարի կառուցումը։ Չինական ընկերություններն ակտիվորեն շարունակում են իրականացնել այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հատվածների կառուցումը և արևային էլեկտրակայանների զարգացումը։

Անցյալ տարվա սեպտեմբերին մեկնարկեց առաջին ուղիղ ավիաչվերթը Չինաստանի և Հայաստանի միջև՝ Ուրումչի–Երևան երթուղով, ինչը նշանակալի քայլ էր երկկողմ կապերի զարգացման գործում։ Սա տեղի ունեցավ վիզաների փոխադարձ չեղարկման ֆոնին, ինչն էլ ավելի է հեշտացրել երկու երկրների քաղաքացիների տեղաշարժը։

Չինաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը շարունակում է աճել։ Անցած տարի այն գերազանցել է 38,000-ը՝ աճելով մոտ 60%-ով նախորդ տարվա համեմատ։

Ընկերներ անկախ հեռավորությունից. Հումանիտար կապերի ամրապնդում 

Չինաստանը և Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ հարուստ պատմությամբ։ Երկու երկրների ժողովուրդները խաղաղասեր են, աշխատասեր և հյուրընկալ, ունեն բազմաթիվ ընդհանուր արժեքներ և նմանատիպ հայացքներ, ինչը ստեղծում է ամուր հիմք փոխըմբռնման համար։ Վերջին տարիներին Հայաստանում չինարեն միջազգային կրթությունը արագ զարգանում է, և չինարենի հանդեպ հետաքրքրությունն անընդհատ աճում է։ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտում գրանցված է ավելի քան 5000 ուսանող, և ավելի ու ավելի շատ երիտասարդներ ընտրում են չինարենի ուսուցումը և ծանոթանում չինական մշակույթին՝ նպաստելով Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամության ամրապնդմանը։

Երկու երկրների հասարակական կազմակերպություններն աշխատում են որպես կամուրջ՝ աջակցելով պատմական հուշարձանների համատեղ ցուցահանդեսների, համերգների, չինական խոհանոցի փառատոների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպմանը։ Այս նախաձեռնությունները խթանում են փոխըմբռնման խորացումը և ժողովուրդների մերձեցումը։

2025 թվականը կլինի վճռորոշ տարի բարեփոխումների խորացման և չինական արդիականացման համար։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության XX համագումարի Երրորդ պլենումը ընդգծեց, որ երկիրը կձգտի բարձրորակ տնտեսական զարգացման, բաց քաղաքականության ընդլայնման բարձր մակարդակով, անկախ և խաղաղասեր արտաքին քաղաքականության իրականացման, հավասար և կարգավորված բազմաբևեռ աշխարհի աջակցման, ներառական և արդար տնտեսական գլոբալիզացիայի, ինչպես նաև միասնական ճակատագրով մարդկային համայնքի ձևավորման խթանման։ 

Վերջերս հաջողությամբ անցկացվեցին ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՀՀԺ) XIV գումարման երրորդ նստաշրջանը և ՉԺՀ Ժողովրդական քաղաքական խորհրդակցական խորհրդի XIV գումարման երրորդ նստաշրջանը։ Չինաստանը միջազգային հանրությանը կրկին ուղերձ հղեց իր հավատարմության մասին խաղաղ զարգացմանն ու փոխշահավետ համագործակցությանը, սահմանելով 2025 թվականի համար տնտեսական աճի թիրախային ցուցանիշը 5% և հայտնելով վստահություն, որ չինական արդիականացումը կբացի նոր հնարավորություններ ամբողջ աշխարհի համար։ Որպես լավ ընկերներ և վստահելի գործընկերներ ՝ այս տարի չին-հայկական բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան: 

Համախմբվածություն և համագործակցություն. ՇՀԿ Ընդհանուր տան համատեղ կառուցում

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հիմնադրվել է Չինաստանում և 24 տարվա ընթացքում ընդլայնվել՝ 6 երկրից մինչև 26 երկիր, դառնալով աշխարհում ամենամեծ տարածաշրջանային կազմակերպությունը՝ աշխարհագրական ընդգրկմամբ և բնակչության թվաքանակով։

Այս տարի Չինաստանը նախագահում է ՇՀԿ-ն և, հետևելով «ՇՀԿ կայուն զարգացման տարի» թեմային, առաջ է քաշել կարգախոս՝ «Շանհայյան ոգու առաջխաղացում ՇՀԿ գործողության մեջ»։   

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի առաջարկած «Զարգացման գլոբալ նախաձեռնության» ութ հիմնական ուղղությունների շրջանակում կիրականացվեն համատեղ ծրագրեր և միջոցառումներ՝ ներառելով ոլորտներ, ինչպիսիք են աղքատության կրճատումը, պարենային անվտանգությունը, առողջապահությունը, զարգացման ֆինանսավորումը, կլիմայի փոփոխությունը, կանաչ աճը, արդյունաբերականացումը, թվային տնտեսությունը և փոխկապվածությունը։  

Այս տարվա աշնանը Տյանցզին քաղաքում կկայանա ՇՀԿ գագաթնաժողովը։   Հայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր է, և Չինաստանը ողջունում է հայաստանյան կողմի ավելի ակտիվ մասնակցությունը կազմակերպության շրջանակներում համագործակցությանը։   

Համատեղ ջանքերով մենք կկառուցենք ՇՀԿ ընդհանուր տուն, որը հիմնված է միասնության և վստահության, խաղաղության և կայունության, բարգավաճման և զարգացման, բարիդրացիության և բարեկամության, արդարության և հավասարության վրա։  

Համատեղ ուժերով «Գլոբալ Հարավի» ներուժի միավորումը

Նախագահ Սի Ծինփինը նշել է, որ «Գլոբալ Հարավի» հավաքական վերելքը համաշխարհային փոփոխությունների վառ առանձնահատկությունն է։ Այսօր «Գլոբալ Հարավի» երկրները կազմում են աշխարհի տնտեսության ավելի քան 40%-ը և ապահովում են աշխարհի տնտեսական աճի 80%-ը, դառնալով միջազգային խաղաղության պահպանման, համաշխարհային զարգացման խթանման և գլոբալ կառավարման համակարգի կատարելագործման առանցքային ուժ։

Որպես զարգացող երկրներ՝ Չինաստանը և Հայաստանը «Գլոբալ Հարավի» անդամներ են, ուստի երկու կողմերը պետք է ամրապնդեն փորձի փոխանակումը, խորացնեն փոխշահավետ համագործակցությունը, համատեղ բարձրացնեն զարգացման մակարդակը, աջակցեն միմյանց արդիականացման ճանապարհին և շարժվեն առաջ՝ ձեռք ձեռքի տված։

Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բարձրորակ համատեղ նախաձեռնությանը, մեծ ուշադրություն դարձնելով գիտության և տեխնոլոգիաների նորարարություններին, արդյունաբերության արդիականացմանը, ինչպես նաև համագործակցության խորացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, թվային տնտեսությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրները։ 

Այս ամենը միտված է երկկողմ համագործակցության ավելի շոշափելի և գործնական արդյունքների ապահովմանը։ 

Հիշել պատմությունը, պաշտպանել միջազգային արդարությունը

Այս տարի լրանում է Ճապոնական ագրեսիայի դիմադրության պատերազմում չին ժողովրդի հաղթանակի և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի 80-ամյակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չինաստանի և Հայաստանի ժողովուրդները արյուն թափելով մարտնչեցին, հսկայական զոհեր տվեցին և կարևոր ներդրում ունեցան համաշխարհային հակաֆաշիստական պայքարի գործում: Չին ժողովուրդը երբեք չի մոռանա, որ հայկական ծագում ունեցող բազմաթիվ զինվորներ մեկնել են Չինաստանի հյուսիս-արևելք՝ մասնակցելու Ճապոնական զավթիչների դեմ ռազմական գործողություններին՝ օգնելով Չինաստանին հաղթանակ տանել դիմադրության պատերազմում: Մեր ժողովուրդների համատեղ պայքարի այս փառավոր պատմությունը միշտ արժանի կլինի հարգանքի և հիշատակի:

Կողմերը պետք է օգտագործեն պատերազմի հաղթանակի 80-ամյակը որպես հնարավորություն՝ միասին ուժեղացնելու Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության նկատմամբ ճիշտ մոտեցումը, պաշտպանելու դրա արդյունքները, վճռականորեն աջակցելու խաղաղությանը, կայունությանը և միջազգային արդարադատությանը, հավատարիմ մնալու իսկական բազմակողմանի մոտեցմանը, պաշտպանելու միջազգային համակարգը՝ ՄԱԿ-ը որպես դրա առանցք, և նպաստելու ավելի արդար և ռացիոնալ միջազգային կարգի ձևավորմանը։

Չեն Մին

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար 

--00—ՅՄ