Մասիս քաղաքի 25-ամյա բնակիչը «Տելեգրամի» միջոցով զբաղվել է թմրանյութի ապօրինի իրացմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս քաղաքի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ, թաքստոցներում տեղադրելով թմրանյութի փաթեթներ, «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում է թմրանյութի ապօրինի իրացմամբ:

Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և փետրվարի 29-ին, երբ երիտասարդը Գյումրիում էր, իրականացվեց կոնկրետ գործողությունը: Ժամը 17.09-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածանքով, Գյումրի քաղաքի Լալայան փողոցում երիտասարդը ձերբակալվեց: Ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխվեցին նաև «Մերսեդեսը», որում գտնվում էր երիտասարդը, ու Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ 74-ամյա վարորդը:

Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով և կպչուն ժապավենով փաթեթավորված 30,45 գրամ դեղնականաչավուն զանգված, բջջային երկու հեռախոս և 108 հազար դրամ: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բջջային հեռախոս, 900 դոլար և 72 հազար դրամ:

Փաստերի ճնշման տակ երիտասարդն ընդունեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքը զբաղվում է թմրանյութեր տեղադրելով, այդ օրն էլ, կեսօրին, թմրանյութը վերցրել էր Գյումրի քաղաքի Լալայան փողոցից` մանր փաթեթների վերածելու, Երևանի տարբեր հատվածներում տեղադրելու և «Տելեգրամի» միջոցով իրացնելու նպատակով:

«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 25-ամյա և 74-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

--00—ԼՀ