Եվս երկու քաղաքացի շարունակում են մնալ փլատակների տակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

426117886_350032974659478_3933599230283629309_n

Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ևս երկու քաղաքացի, ամենայն հավանականությամբ, շարունակում են մնալ փլատակների տակ, նրանք այնտեղ վարձով էին բնակվում։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է 24News-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ ևս երկու քաղաքացի՝ տղամարդ և տարեց կին, դուրս են բերվել փլատակներից, նրանք ողջ էին և ունեին գիտակցություն, այս պահին գտնվում են երևանյան ԲԿ-ներից մեկում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առավոտյան ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել՝ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալները։

--00—ՅՄ