Սիրիայի հյուսիս-արևելքում հրթիռակոծման է ենթարկվել ամերիկյան ռազմակայանը. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

սիր

Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը ենթարկվել են հրթիռակոծման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքի թղթակիցը։

Ըստ պարբերականի՝ հարվածը հասցվել է ամերիկացի զինվորականներին, որոնք տեղաբաշխված են Դեյր էզ Զորի նահանգի Կոնիկո նավթագազային հանքավայրի մոտ գտնվող ռազմակայանում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Al Mayadeen-ը հայտնում է, որ «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը շարունակում է թիրախավորել Սիրիայում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում երկու օբյեկտների՝ ի պատասխան ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ կատարված հարձակումների։ Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ամերիկյան հարվածների հետևանքով Իրաքում 4 զինյալ էր զոհվել։

Պենտագոնի տվյալներով՝ հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ-ի զորքերը Սիրիայում և Իրաքում առնվազն 66 անգամ ենթարկվել են հարձակման:

Սիրիայի տարածքում տեղակայված է մոտ 900, իսկ Իրաքում՝ 2500 ամերիկացի զինծառայող:

--00—ԼՀ