Ֆիզկուլտինստիտուտում ընդդեմ ռեկտորի ակցիաներ են սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

3

«Այս ամենը սկսվել է ռեկտոր Դավիթ Խիթարյանի պահվածքից` անարդարություններ, առանց պատճառաբանության մի շարք ուսանողների զրկում են անվճար համակարգում սովորելու հնարավորությունից ու տալիս են իրենց ծանոթներին, ովքեր չունեն անգամ համապատասխան բալեր անվճար համակարգում սովորելու համար»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Մարգարիտա Առաքելյանը, ով մի խումբ ուսանողների հետ այսօր դասադուլ է իրականացրել նշված խնդիրների պատճառով։

2

«Հեռացնում են ամբիոնի վարիչներին, դասախոսներին, որովհետև այդ դասախոսները կանգնել են ուսանողների կողքին: Դատի են տվել մեր ուսանողական կազմի նախագահին, որովհետև գիտաժողովում բարձրացրել ա էդ հարցը»,- մանրամասնեց Առաքելյանը:

Մեկ այլ ուսանողի` Գյուլնարա Տիգրանյանի խոսքով, առավոտից դասադուլ վանկարկումներով շրջել են ԲՈւՀ-ում և իրազեկման ակցիա իրականացրել, ինչից հետո իրենց են միացել բազմաթիվ ուսանողներ. «Մենք այս պահին գտնվում ենք ԿԳՄՍ նախարարաության դիմաց, մեզնից 6 հոգի բարձրացել է հանդիպման ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ: Քանի որ համալսարանում մեզ ոչ ոք չլսեց, չընդունեց անգամ ռեկտորը, մենք կապվեցինք Կարեն Գիլոյանի հետ, ներկայացրինք իրավիճակը, ինչից հետո նա նշեց, որ քիչ անց կմոտենա և հանդիպում տեղի կունենա, սակայն հանգամանքների բերումով չկարողացավ գալ և խնդրեց`մենք մոտենանք նախարարություն»,- մանրամասնեց ուսանողը՝ հավելելով, որ դասադուլ իրականցնելու ժամանակ համալսարանից ոստիկանություն են զանգել, ինչից հետո ժամանել են ոստիկանները. «Կարճ ասած` մեզ վրա ոստիկան են բերում»:

3

Այս պահին ուսանողներից ոմանք հանդիպում են ունենում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ, մյուսներն էլ սպասում են նախարարության դիմաց: Ուսանողների պահանջը մեկն է` ռեկտոր Դավիթ Խիթարյանի հրաժարական:

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ