Պրոբլեմատիկ հատվածները կրճատվել են 1,4 կմ-ով, հուսով եմ՝ 3,6 կմ-ն էլ կճշգրտվի․ Փաշինյանը՝ Տեղի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Ունենք 11 կիլոմետրից  5 կիլոմետր հատված, որը համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում առկա իրավիճակին։

«Էսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ պրոբլեմատիկ հատվածները կրճատվել են ևս 1,4 կիլոմետրով։

Ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ ևս էդքան սահման ճշգրտվել է։ Դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են էդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները՝ այս սահմանից որոշակի հեռավորության վրա»,-ասաց նա։

Հարցին՝ խոսքը Հայաստանի տարածքից դուրս տեղակայվելու մասի՞ն է, քանի որ նրանք այս պահին ՀՀ տարածքում են, ՀՀ վարչապետը պատասխանեց․ 

«Տեսեք, էդ պրոբլեմատիկ հատվածը․․․ որովհետև նրանք գտնվում էին մեր գնահատմամբ ՀՀ ինքնիշխան տարածքում, նախկին իմ արած հայտարարությամբ էդտեղ 5 կմ-ից ավելի էր պրոբլեմատիկ հատված, հիմա էդ 5 կմ-ն դարձել է 3,6։ Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահամանային կետը ճշգրտել են և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա»։

Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ մնացած 3,6 կմ ճանապարհն էլ կճշգրտվի։

--00—ԼՄ