Հիմնադրամի կանոնադրությունից «Արցախի Հանրապետություն» բառերը հանելու հարց չկա, այն 20 տարի էլ չկար

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Հ

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործող կանոնադրության մեջ «Արցախի Հանրապետություն» բառակապակցություն չի եղել, որ հանել-չհանելու խնդիր լինի։ Այս մասին 24News-ին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ անդրադառնալով այս թեմայով տարածվող տեղեկություններին։

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը, հարց ուղղելով Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին, տեղեկություն էր նշել, ըստ որի՝ հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը, և առաջարկ է հնչեցվել՝ կանոնադրությունից հանել «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը։

«Այդ առաջարկին ընդդիմացել եք նաև Դուք, արդյունքում, փաստորեն, չի ընդունվել, կարո՞ղ ենք ենթադրել, որ Արցախի պետնախարարի պաշտոնից Ձեր հեռացումը կապ ունի հենց այդ ժողովի ժամանակ Ձեր դրսևորած պահվածքի հետ», - հարցրել էր լրագրողը։ Ի պատասխան՝ Բեգլարյանն ասել էր, որ իր հեռանալը պայմանավորված չէ հիմնադրամում իր գործունեությամբ՝ հավելելով, որ ողջունել է Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնում նշանակելու՝ Արցախի նախագահի որոշումը։

«Որովհետև նաև լիազորությունների շատ մեծ տարբերություն է լինելու։ Եվ Ռուբեն Վարդանյանը, ամեն դեպքում, միջազգային մակարդակի կառավարման մեծ, հաջողված փորձ ունի», - նշել էր Արցախի պետնախարարը։ «Իսկ «Հայաստան» հիմնադրամի մասով, այո՛, եղել են նմանատիպ քննարկումներ, խնդիրներ։ Հետագայում ես գրավոր, շատ մանրամասն կանոնադրության նախագծի շուրջ իմ առաջարկները ներկայացրել եմ՝ որպես Հայաստանում համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Այդտեղ նաև ներկայացված է «Արցախի Հանրապետության» նշման հիմնավորումները, փաստարկները, չնշելու ռիսկերը։ Եվ մի շարք այլ հիմնարար փոփոխություններ, որոնք, կարծում եմ՝ պետք է Հայաստանում համահայկական հիմնադրամի կանոնադրության մեջ կատարվեն։

Ընդհանրապես, հաշվի՛ առեք, որ, ինչպես ես նշել եմ, իմ գործունեության մեջ առաջնորդվել եմ բարեխղճությամբ, իմ արժեքներով, իմ սկզբունքներով, ազգային ու պետական շահերով, մնացածն ինձ հետաքրքիր չէ», - հավելել էր Բեգլարյանը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ասաց, որ այսպիսի իրավիճակը թյուրիմացության, թյուրընկալման հարց է ընդամենը․ «Գործող կանոնադրության մեջ նշում են «ԼՂՀ նախագահ», «ԼՂՀ վարչապետ», «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ»-ը՝ որպես շահառուներ։ Ինքը՝ պարոն Բեգլարյանն է ուղղակի առաջարկել, որ որտեղ որ «Հայաստանի Հանրապետություն» բառերը լինեն, այնտեղ նաև լինեն «Արցախի Հանրապետություն» բառերը։ Մենք «Արցախի Հանրապետություն» բառերը չենք ներառել նոր կանոնադրության նախագծի մեջ՝ բացի, բնականաբար, հոգաբարձուների խորհրդի անդամների պաշտոնները նշելուց, այսինքն՝ հանել-չհանելու հարց չկա»։

Հարցին՝ թե ինչո՞ւ չեն ցանկացել ներառել, Արշամյանն ասաց․ «Եթե մեր կանոնադրության մեջ նախկինում դա չի եղել, որը գործել է 20 տարի, ինչո՞ւ պետք է ներառվի, դա եմ ուզում հասկանալ»։ Արշամյանն ասաց, որ Բեգլարյանի առաջարկն ընդունել-չընդունելուն դեռ չի հասել հարցը։

«Արտակ Բեգլարյանն արել է իր առաջարկը, այդ առաջակը կքննարկի հոգաբարձուների խորհուրդը և, դրան համապատասխան, կորոշի ինչպես արաջ շարժվել։ Այսինքն՝ դա իմ գործառույթների մեջ չի մտնում։ Իմ գործառույթների մեջ մտնում է միայն համապատասխան առաջարկները ներկայացնել հոգաբարձուների խորհրդին։

Նոր խմբագրությամբ կանոնադրություն է գրվել։ Հիմնադրամի կանոնադրությունը պետք է համապատասխանի «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին։ Մենք կանոնադրությունը համապատասխանեցրել ենք օրենքի դրույթներին։

Առաջարկները դեռևս մշակվում են, որովհետև հոգաբարձուների խորհրդի տարբեր անդամներ կան, տարբեր մարմիններ ենք ներգրավել այդ գործընթացներին, իրենց առաջարկներն արել են։ Առաջարկներն ամփոփում ենք, կներկայացնենք հոգաբարձուների խորհրդին։

Ըստ այդմ՝ խորհուրդը կորոշի՝ որ կետերն են ավելացվում, որոնք՝ պակասեցվում, և կընդունվի նոր կանոնադրությունը», - եզրափակեց «Հայաստան»-ի գործադիր տնօրենը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ