Պարզվում են Երևանի Արին-Բերդ փողոցում տեղի ունեցած պայթյունի պատճառները. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 20, 24News

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայթյունի հետևանքով ՍՊ ընկերության աշխատակիցներից մեկի մահվան, ևս մեկի վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:



Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցում, մետաղաձուլմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակցի կողմից գազային և թթվածնային բալոնների գործադրմամբ աշխատող գազակտրող սարքի միջոցով մետաղական դետալի կտրման աշխատանքներ կատարելու ընթացքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներից հիշյալ աշխատակիցը մահացել է, իսկ նույն տարածքում գտնվող մեկ այլ աշխատակից ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:



Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:



Նախաքաննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն,  որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հատուկ տեխնիկական միջոցներով միմյանցից կտրված երկաթե խողովակի երկու կտոր, իսկ խողովակում՝ սպիտակ փոշենման զանգված:



Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ աշխատակցի մահվան պատճառ կարող է հանդիսանալ գազակտրող սարքի միջոցով նշված խողովակը կտրելու ընթացքում  առաջացած պայթյունը:



Քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու  նպատակով նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:



Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:



Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ պայթյունի պատճառները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: 



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՀԶ