Քարագլխի բարձունքը չի գրավվել․ Ասկերանի ղեկավարի օգնական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

քար

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը 24News-ի հետ զրույցում հերքեց տարածված այն տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը գրավել է Քարագլխի բարձունքը։

Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այնտեղ կա մի հովիտ, որտեղից դիտարկվում են Արցախի բոլոր բնակավայրերը՝ Ասկերանից մինչև Ստեփանակերտ։

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում:  

«Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը  կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»։

--00—ԼՄ