Արևմուտքն ավելի օպերատիվ կգործի, երբ հասկանա՝ Ղազախստանում պրոցեսներն ուր են գնում․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Քաղաքական

Արևմուտքում դեռևս սպասողական վիճակ է, հստակ դիրքորոշում չեն հայտնում Ղազախստանում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս մասին 24News-ին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով Ղազախստանի Հանրապետությունում հունվարի սկզբից բռնկված լայնածավալ բողոքի ցույցերին։

Սուրեն Սարգսյանի խոսքերով՝ Արևմուտքը, մասնավորապես Եվրոպական Միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, սպասում են, որպեսզի հասկական՝ իրականում ի՞նչ է կատարվում, կրքերը որքա՞ն կբորբոքվեն, ե՞րբ կհանդարտվեն և այլն։ «Այսինքն՝ Արևմուտքը մի փոքր ուշացած և ոչ հստակ դիրքավորում ունի։ Համենայնդեպս վերջնական դիրքավորում դեռևս չկա, դրա պատճառով էլ ցույցերի առաջին օրերին էլ Արևմուտքը շատ ավելի դանդաղկոտ էր և չէր շտապում միանգամից հայտարարություններ անել։ Ինձ մոտ տպավորություն է, որ Արևմուտքում դեռևս սպասում են հասկանալու համար, թե այս պրոցեսների հետևում կա՞ն կանգնած մարդիկ, ներքին ուժեր կամ առաջնորդներ, որպեսզի փորձեն պրոցեսներն իրենց համար ավելի վերահսկելի դարձնել», - շարունակեց Սարգսյանը։

«Մենք ուշադիր դիտարկում ենք հաղորդագրությունները, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկել է Ղազախստան», - լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ «Մենք հարցեր ունենք այս խնդրանքի բնույթի վերաբերյալ և արդյոք այն օրինական հրավեր էր, թե ոչ», - հավելել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ դիմել է ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին ՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում: Իսկ արդեն երեկվանից սկսվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական կոնտինգենտի տեղափոխումը Ղազախստան՝ ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն ապահովելու համար։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքերով՝ ռազմական կոնտինգենտ ուղարկելն իհարկե պետք է քննադատության արժանանար Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ «Դրա համար հայտարարվեց, որ փորձ է կատարվելու հասկանալ դրա օրինականությունն ու նպատակահարմարությունը։ Արևմուտքն ավելի օպերատիվ կսկսի գործել, երբ հասկանա՝ պրոցեսներն ուր են գնում և որքանով են Արևմուտքի շահերը հակասում այդ պրոցեսներին։ Այդ ժամանակ բնականաբար Արևմուտքը շատ ավելի ակտիվ կսկսի գործել», - եզրափակեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային անկարգություններն ու բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինն ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվում են:

--00--ԿԿ