Սյունիքի մարզպետի որդու կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը դատարանը մերժել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Մելիքսեթ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը չի երկարացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Քննչական կոմիտեի կողմից Կարեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, բայց դատարանն այն չի բավարարել»,- հայտնեց Թադևոսյանը:

2021թ․ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Շուրջ երկու ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, ապա սեպտեմբերի 24-ին՝ կալանավորվել:

--00--ԱՀ