Գլխավոր դատախազն ու տեղակալներն ամեն ամիս աշխատավարձի 90-120 %-ի չափով հավելավճար կստանան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

փող

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-ից 120 %-ի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին։ Այս մասին նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: 

Նախագծով առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվում գլխավոր դատախազի ու նրա 4 տեղակալների պաշտոնները։ Այս առանձնահատկությամբ պայմանավորված՝ առաջարկվում է աշխատավարձից բացի, նրանց տրամադրել հավելավճարներ՝ աշխատավարձի 90-120 տոկոսի չափով, դա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձերը շեշտակի կբարձրանան:

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ գլխավոր դատախազի համար սահմանել հավելում ՝ 95 տոկոսի չափով, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համար` 100 տոկոսի։ 

Ռիսկայնության ամենաբարձր գործակիցը՝ 120, սահմանվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի համար։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար հավելավճարի չափ է սահմանվում աշխատավարձի 90%-ի չափով, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի համար՝ 100 %-ի։

Հավելավճարները նրանք ստանալու են յուրաքանչյուր ամիս՝ աշխատավարձի հետ միասին:

--00--ԱԹ