ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ էներգահամակարգին, գործարկվել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Հոկտեմբերի 17-ին ՊՆՎ-2021-ից հետո գործարկվել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը և միացել ՀՀ միասնական էներգահամակարգին. տեղեկացնում են ՀԱԷԿ-ից:

«Աշխատանքներին մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի և այլ երկրների շուրջ 600 մասնագետ:

ՊՆՎ-2021-ի առանցքային աշխատանքներից մեկն էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումն էր. այն հաջողությամբ իրականացվեց ՀԱԷԿ-ում և կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Բլոկի տևական կանգի ընթացքում իրականացվել են նաև անվտանգության հիմնական համակարգերի՝ ակտիվ գոտու վթարային հովացման, սպրինկլերային, հուսալի սնուցման, ներռեակտորային տեխնոլոգիական վերահսկման և տեղեկատվահաշվողական համակարգերի արդիականացման աշխատանքները:

АО Русатом Сервис ընկերության և ներգրավված ենթակապալառու ընկերությունների մասնագետների, ինչպես նաև կայանի անձնակազմի մասնակցությամբ կատարվել են ՀԱԷԿ-ի պատմության մեջ եզակի, աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներ:

Մասնավորապես, իրականացվել են շուրջ 730մ խողովակաշարի և շուրջ 270 միավոր խողովակաշարային փականների մոնտաժման աշխատանքներ, 420 նոր եռակցվածք, ինչպես նաև շուրջ 4700 եռքակարանի՝ չքայքայող մեթոդներով ստուգում/վերահսկում, անցկացվել և մոնտաժվել է շուրջ 42կմ երկարությամբ մալուխ և այլն:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ավարտական փուլի աշխատանքներին զուգահեռ ընթացել են տարեկան պլանային վերանորոգման նախատեսված աշխատանքները՝ շուրջ 520 միավոր սարքավորման հիմնանորոգում, ինչպես նաև մոտ 330 միավոր սարքավորման միջին և ընթացիկ վերանորոգում և այլն:

ՊՆՎ-2021-ը Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի համար ամենաերկարատևն էր. այն հնարավոր եղավ հաղթահարել ՀԱԷԿ-ի անձնակազմի ջանքերի առավելագույն կենտրոնացման, աշխատանքների հստակ կազմակերպման, կապալառու կազմակերպություններից ներգրավված մեծաքանակ մասնագետների հետ համաժամանակյա իրականացրած աշխատանքների կոորդինացման շնորհիվ:

Հայկական ատոմային էլեկտրակայանը շարունակում է գործել՝ մշտական ուշադրության կենտրոնում պահելով անխափան և անվտանգ շահագործմանն ուղղված միջոցառումները»,- ասված է հաղորդագրությունում:

--00—ԼՄ