ԱԺ աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են «13-րդ աշխատավարձով»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

աժ շենք

ԱԺ աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են «13-րդ աշխատավարձով»։ Այս մասին պարզաբանում է տարածել ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը։

Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական եւ թե՛ մասնավոր կառույցներում, եւ աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։

Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։

Օգտվելով առիթից՝ տեղեկացնում եմ նաեւ, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգեւատրումների եւ բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել եւ  պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով եւ պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը:

Նպատակադրվել ենք մինչեւ տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը»։