ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալության գրում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կպահպանվեն, քանի որ Բաքվին դա ձեռնտու է, նման կարծիք է հայտնել ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասյան բաժնի առաջատար գիտաշխատող Վադիմ Մուխանովը:
Ըստ Մուխանովի՝ Ադրբեջանը պետք է զբաղվի տարածքային ձեռքբերումների մշակմամբ, իսկ Երևանը ռևանշի հասնելու ռեսուրս չունի:
Փորձագետը նաև կարծում է՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցը դեռ բաց է, այն չեն ճանաչում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ու չնայած ԼՂՀ-ն կորցրել է զգալի տարածքներ, բայց պահպանում է վերահսկողությունը Ստեփանակերտի և մի քանի այլ քաղաքների վրա:
«Եվ ի՞նչ է լինելու ապագայում այնտեղ գտնվող բնակչության հետ: Այս խնդիրները հայտարարության մեջ մանրամասն շարադրված չէին, հայտարարությունը այլ նպատակ ուներ»,-ասել է Մուխանովը և հավելել, որ առաջիկայում ևս ԼՂ կարգավիճակը կմնա անորոշ:
Փորձագետն անդրադարձել է նաև եռակողմ հայտարարությանը՝ նշելով, որ հայտարարությունը ձեռնտու չէ հայկական կողմին, բայց այն ինչ-որ ռևանշի հասնելու ուժ չունի:
«Լեռնային Ղարաբաղում կրած պարտության հետ մեկտեղ Հայաստանում հզոր ներքաղաքական ճգնաժամ է, ուստի Երևանի էլիտան առաջին հերթին կզբաղվի այս ներքաղաքական ճգնաժամի լուծմամբ, այնուհետև կքննարկի Ղարաբաղը: Հիմա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար առաջնահերթն իշխանության մնալն է»,-ասել է Մուխանովը և հավելել, որ կարճաժամկետ հեռանկարում հավանական չէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում:
«Բայց չի բացառվում, որ առաջիկա տարիներին տաք գլուխներից մեկը ցանկություն ունենա կամ մեծացնել իր հաջողությունը կամ ռևանշի հասնել: Նման հավանականություն կա»,-ասել է Մուխանովը:
--00—ԼՄ