Գյումրու «Շիրակը» պահանջում է ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

Շիրակ

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կոչ անելով ՀՖՖ ղեկավարությանն արտահերթ ժողով հրավիրել:

«Հարգելի գործընկերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ,

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես են գալիս անհայտ ծագումով և խիստ կասկածելի արդյունքներով աչքի ընկնող մի խումբ ակումբներ: Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ կան հարուցված քրեական գործեր, որի արդյունքում մի շարք անձանց նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել:

Չնայած այս ամենին, ակումբները շարունակում են իրենց ելույթներն առաջին խմբում’ մեծ վնաս հասցնելով երիտասարդ հայ խաղացողներին, ովքեր ընդգրկված են Առաջին խմբի այլ թիմերում:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը ևս մեծ հարված կրեց, երբ անհայտ անձանց կողմից ղեկավարվող «Երևան» ակումբը ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններ էր կրում մյուս մասնակիցներից, իսկ ձմռանը դադարեցրեց ելույթները:

Համաճարակի նմանվող այս արատավոր երեւույթը կանխելու եւ հայկական ֆուտբոլը նմանատիպ թիմերից զերծ պահելու համար՝ պահանջում ենք հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը:

Նմանատիպ ակումբները պետք է զրկվեն նաև ՀՖՖ անդամ լինելուց: Անթույլատրելի է, որ նման ակումբները շարունակեն իրենց ելույթները ՀՖՖ կողմից կազմակերպվող մրցաշարարերին»,- ասված է «Շիրակի» տարածած հայտարարությունում:  --0—ՄՀ