Ինչո՞ւ չի գործել ԵՊԲՀ 1-ին հիվանդանոցի կովիդ-բաժանմունքը. փոխնախարարի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

եպբհ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Վահան Արծրունիի գրառմանը, ըստ որի՝ մարտից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ կովիդ-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ 

«Հարգելի՛ գործընկերներ, մարտի վերջին իմ ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն որով առաջարկվել է բոլոր բժշկական հաստատություններին առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Միևնույն ժամանակ ֆեյսբուքյան լուսանկարներում հրապարակվում է ԵՊԲՀ-ի մի տարածք, որը, ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է, վերապրոֆիլավորված մեկուսարանի` կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար:
Ապրիլի առաջին օրերից սկսած` առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր ԵՊԲՀ մեկուսարանից դեպի այլ հիվանդանոցներ: Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված և նմուշառման պատասխանին սպասող անձանց համար:

Այնուհետև, անցած շաբաթվա վերջին համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար ՆՈՐ պարզ է դարձել, որ փաստացի ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ և դրանից ԶԱՏ՝ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին: Տվյալ տեղեկատվությունը իմանալուն պես մեր կողմից անմիջապես առաջարկվել է գործարկել երկու տարածքը հետևյալ սկզբունքով՝ 10 հոգու համար նախատեսված մեկուսարանը, որտեղից երկու ամիս է տեղափոխվում են հաստատված պացիենտները՝ օգտագործել կորոնավիրուսի հիվանդության կասկածով պացիենտների հոսպիտալացման համար, իսկ 10 հոգու համար նախատեսված վերապրոֆիլավորված նախկին ճաշարանը համալրել համապատասխան անձնակազմով և իրականացնել COVID-19 հաստատված պացիենտների հոսպիտալացում և բուժում:

Այսպիսով լեգիտիմ հարց է առաջանում, գուցե ԵՊԲՀ-ում ծավալվում է կամ ծավալված է ևս մեկ` 3-րդ համալրված տարածք, օրինակ՝ չօգտագործվող լսարանում:

Ինչևէ, կոչ եմ անում տարատեսակ ֆեյսբուքյան գրառումների փոխարեն, ժամանակը ծախսել միայն մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների վրա` կատարելով ՀՀ կառավարության և լիազոր մարմնի բոլոր ցուցումները:

Հ.Գ. Ի դեպ, երեկ ԵՊԲՀ-ի ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը եղել է ջերմ և կառուցողական մթնոլորտում և ուղղված է եղել վերոհիշյալ միջոցառումների կատարմանը և իրագործմանը: Ես ընդհանրապես չէի անդրադառնա քաղաքացի Վահան Արծրունու ֆեյսբուքյան հրապարակմանը, եթե չտեսնեի ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի մարտնչող գրառումները»,-գրել է պաշտոնյան:

Ավելի վաղ մշակութային, հասարակական գործիչ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մարտից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ կովիդ-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։

«Մարտից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև բուժհաստատությունների։

Ո՞վ է սրա պատասխանը տալու»,-գրել էր նա։

--0--ԼՄ