Մալաթիայի տարածքում, բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

28/05/2025 11:30 Հասարակական

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի Հարավարևմտյան թաղամասի տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բախման հետևանքով կողաշրջված «04»-ի գազաբալոնը և տեղում իրականացնում են հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արման Մելքոնյանն ու կրտսեր Հովհաննես Վարդանյանը:

Վթարի մասին ՊԾ երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «04»-ի վարորդն է:

–00–ԱՀ