Սյունյաց դշխուհու գանձը այլևս սրբությամբ պահվում է համայն հայության հոգևոր կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Վահրամ ավագ քահանա Մելիքյանը գրում է․ «Տիրոջ ողորմությամբ և Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ վերաբացվելու է Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:
Եվ այս առիթով, առաջին անգամը լինելով, ցուցադրվելու է նաև Կենաց փայտի մասունքն ամփոփոխ խաչ-մասունքարանը, որի մեջ ընդելուզված է 7-րդ դարի խաչը (պատմության մեջ հայտնի Հացունյաց խաչ անվամբ):
Ոսկյա այս խաչը պատկանել է Սյունյաց Բյուրեղ իշխանուհուն, որի մեջ զետեղված է Քրիստոս Աստծո խաչափայտի մասունքը՝ իշխանուհու իսկ խնդրանքով տրված Բյուզանդիայի Հերակլ կայսեր կողմից, երբ 627 թ. Խաչափայտը, ազատվելով պարսից գերությունից, Հայոց աշխարհով տարվում էր Կ. Պոլիս, ապա՝ Երուսաղեմ:
1846 թ. իշխանուհու խաչն ամրացվել է Վանում պատրաստված սքանչելազարդ խաչ-մասունքարանի մեջ՝ պահվելով Լիմ անապատի Սբ Գևորգ եկեղեցում:
Հայոց Ցեղասպանության հրաշքով՝ ի շնորհիվ իմաստուն հայ հոգևորականների, փրկված գանձերից է, որն այլևս սրբությամբ պահվում է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»:
–00—ՅՄ