Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան՝ տղամարդկանցը․ ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Առաջնորդությունը պաշտոն կամ տիտղոս չէ, այլ կենսակերպ է. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 5-ին «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Կանանց առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով:
Դիլիջանում անցկացված միջոցառման նպատակն էր բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Մասնակցել է Շիրակի մարզից 25 կին:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար առկա մարտահրավերներին, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման բնագավառում առկա խնդիրներին։
«Առաջնորդությունը տիտղոս կամ պաշտոն չէ, այլ կենսակերպ է՝ համախմբելու, ոգեշնչելու մարդկանց` հասնելու հանրային կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելու ընդհանուր նպատակի: Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան՝ տղամարդկանցը։ Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից», – ասել է Անահիտ Մանասյանը:
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ առաջնորդությունը պաշտոն կամ տիտղոս չէ, այլ կենսակերպ է` անդրադառնալով նաև իր փորձին ու անցած ճանապարհին:
«Կենսափորձիս հետևանքով համոզվել եմ, որ անախորժությունների դեմ պայքարելու փոխարեն դրանք պարզապես պետք է ընդունել որպես հնարավորություն, քանզի կյանքի ամենալուրջ անախորժությունները բացահայտում են կյանքի ամենամեծ հնարավորությունները: Ավելին, երբևէ պետք չէ կառչել որևէ գործընթացի արդյունքներից, այլ անհրաժեշտ է վայելել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Կարևոր է գիտակցել, որ ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից վստահաբար ավելին է: Ուստի, մենք ինքներս պետք է դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք աշխարհում տեսնել` ձերբազատվելով այն մտացածին պատկերացումից, որ որևէ մեկը մեր փոխարեն այդ փոփոխությունները կարող է իրականացնել: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուրն իր համար պետք է գտնի կյանքի այնպիսի բանաձև, որն իրեն իրապես ներդաշնակ կդարձնի»,- ամփոփելով ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը եզրափակել է` ընդգծելով, որ քիչ բան կարող է այդչափ ոգեշնչել և ավելի շատ եռանդ հաղորդել մարդուն, քան մարդկանց կյանքում փոփոխություն կատարելու ձգտումը:
Հանդիպումը կրել է ինտերակտիվ բնույթ. մասնակիցները ներկայացրել են առաջնորդության վերաբերյալ իրենց պատկերացումները, ինչպես նաև հարցեր ուղղել Պաշտպանին։
Քննարկումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ:
–00—ՅՄ