Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելեց սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Կառավարությունն արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի, թափոնի և օգտագործված ապրանքների արտահանումը, արգելքը կգործի մեկ տարի ժամկետով։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։
«Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։
Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող (ինչպես ԵԱՏՄ երկրներից, այնպես էլ՝ երրորդ երկրներից) սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված ներմուծվող այդ ապրանքների բարձր գների, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքման հնարավորության բացակայության ու լոգիստիկ մեծ ծախսերի պատճառով: Արդյունքում, ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով (ներմուծված նույն ապրանքների համեմատությամբ) նույնիսկ ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ»,- հայտնում են կառավարությունից։
Նշված գործոնները կարող էին հանգեցնել այդ ձեռնարկությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը և, ի վերջո, դրանց արտադրական գործունեության խաթարմանն ու դադարեցմանը, ինչն էլ, իր հերթին՝ ներմուծումից կախվածությանը։
Միևնույն ժամանակ, ըստ էկոնոմիկայի նախարարության, արտաքին շուկաներում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էր Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթաց։
Կառավարության 07.11.2024թ. N 1755-Ն որոշմամբ 6 ամիս ժամկետով) արգելվել էր սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։
Արտահանման արգելքի կիրառման արդյունքում զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ արգելքի կիրառման հաջորդ տարում (2021թ.) պողպատի ձուլագլանվածքների արտադրությունը շարունակական աճի բնույթ է կրում, մասնավորապես՝ 2024 թվականին ձուլազանգվածների չլեգիրված պողպատից արտադրաքն աճել է 2.3 անգամ, պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և դրանց կցամասերի արտադրանքը՝ 16.8%-ով։ «Ջի Թի Բի ստիլ», «Ձուլակենտրոն», «Էդմետ», «Ասկե գրուպ», «Տաշիր գրուպ», Քարակերտի քարաձուլման գործարան, «Ասեդլ» ընկերությունները նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ներմուծվում են (տեղի կունենա ներմուծման փոխարինում)։ Ուստիեւ կառավարությունը որոշեց եւս մեկի տարի՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2026 թվականի օգոստոսի 1-ը արգելել արտահանումը։
Նշվում է, որ ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը։
–00—ՅՄ