Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ՄԻ Խորհրդի նստաշրջանում քննարկել են գենդերային անհավասարությունը

03/07/2025 19:18 Ներքին կյանք

Հայաստանի նախաձեռնությամբ՝ ս․ թ․ հուլիսի 2-ին ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Խորհրդի 59-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվեց միջոցառում «Միջազգային համագործակցության դերը թվային ոլորտում գենդերային անհավասարության վերացման» խորագրով։

Միջոցառման համակազմակերպիչներն էին Ֆրանսիան, Էստոնիան, Կոստա Ռիկան, Չիլին, Ճապոնիան ու Քենիան։

Միջոցառման բարձրաստիճան պանելի մոդերատորն էր «Կոֆի Աննան» հիմնադրամի գործադիր նախագահ Կորին Մոմալ Վանյանը։

Քննարկումների առաջին հատվածում հիմնական ելույթներով հանդես եկան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Էստոնիայի գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Քրիստիան Վեսկեն, Ժնևում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Օիկե Աթսույուկին, Քենիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆենսի Չեփկեմոյին, Կոստա Ռիկայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Գյուերմե Ֆերնանդեսը։

ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն իր ելույթում կարևորեց թվային ոլորտում գենդերային անհավասարության վերացումը և Հայաստանի կողմից իրականացված քայլերը տեխնոլոգիաների ոլորտում գենդերային հավասարության, կրթության ու թվային կառավարման ուղղություններում՝ կայուն ու համընդգրկուն զարգացում ապահովելու նպատակով։

Քննարկման երկրորդ հատվածի բանախոսներն էին Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի տեխնոլոգիաների ու մարդու իրավունքների հարցերով բաժնի վարիչի պաշտոնակատար Բիրգիտ Կաինց-Լաբբեն, ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության միջազգային միության գենդերային հարցերով պատասխանատու Մաուդ Աբբան, ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի (UNICEF) տարածաշրջանային խորհրդատու Մաիդա Պասիչը, ինչպես նաև Հայաստանի «Նորք» սոցիալական ծառայությունների հարցերով տեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։ Վերջինս կարևորեց թվային ռազմավարություններում ու չափորոշիչներում, թվային ոլորտը կարգավորող շրջանակներում կանանց ներկայացվածությունն ու առաջնորդությունը։

Միջոցառման քննարկումների ընթացքում ներկայացվեցին նաև թվային ոլորտում իրականացվող հանձնառություններն ու հեռանկարները։ Մասնավորապես, ընդգծվեց արհեստական բանականության կառավարման ոլորտում կանանց և աղջիկների կրթության, տեխնոլոգիաների զարգացման և կիրառման գործընթացներում նրանց մասնակցության խթանման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով բազմաշերտ միջազգային համագործակցությունը։

—00—ՍՊ