Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ Փաշինյանը․ «Փաստ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։
Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ԵՄ-ն, հենվելով Փաշինյանի վրա, ՀՀ-ից կերտում է երկրորդ Ուկրաինա. «Կալասը մեսիջներ է հղում ոչ միայն Փաշինյանին և նրա հարստացող քպական կլանին, այլ նաև ՌԴ-ին։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին ԵՄ ցանկանում է ՀՀ-ն դուրս բերել ռուսական ռազմա-քաղաքական ազդեցության գոտուց և դրա համար հենվում է ՀՀ-ի ռուսաֆոբ և թրքամետ իշխանությունների վրա»։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Կալասը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։
«Կալասը խոսում է ՔՊ-ի ժողովրդավարության մասին՝ չտեսնելով, թե ինչպես են ՀՀ իշխանությունները բանտերը նետում հոգևորականներին, ընդդիմությանն ու սահմանափակում են բոլոր նրանց խոսքի ազատությունը, ովքեր քննադատում են Փաշինյանի թրքամետ և հակահայ արտաքին և ներքին քաղաքականությունը։ ԵՄ-ին չի հետաքրքրում ՀՀ-ի ժողովրդավարությունը, նրանք ցանկանում են Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել՝ ուկրաինական ճակատին զուգահեռ»,-գրում են ալիքի հեղինակները՝ հավելելով, որ Փաշինյանը, հանուն իշխանության պահպանման և սեփական անվտանգության, պատրաստ է ստանձնել հակառուսական պլացդարմի գործառույթը, ինչը հանգեցնելու է աղետալի հետևանքների հայկական պետականության, անվտանգության, տնտեսության և ՌԴ-ի հայ համայնքի համար։
Կալասը շեշտել է, որ վերոնշյալ արժեքները պետք է պաշտպանվեն՝ «հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում»։ Նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։
«Կալասի մեսիջն ուղղված է ՌԴ-ին, որն իբր հիբրիդային պատերազմ է մղում ՀՀ-ում և հետխորհրդային այլ երկրներում Արևմուտքի դեմ։ Հիբրիդային պատերազմի մասին խոսում է նաև Փաշինյանը, որն ինչ-որ հեղաշրջման պլաններ է հայտնաբերում և դա օգտագործում է ընդդիմության ու Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելու և բանտեր նետելու համար։ Սակայն Կալասը չի տեսնում ՀՀ-ում առկա քաղբանտարկյալներին, քանի որ ԵՄ-ին ՀՀ-ն պետք է միայն որպես հակառուսական խրամատ՝ ոչ ավելին»,-գրում է «Հանրապետության հրապարակն» ու ամփոփում, որ Փաշինյանն ու թիմը ՀՀ-ն վերածում են Արևմուտք-ՌԴ proxy war-ի թատերաբեմի՝ դրանից բխող աղետալի հետևանքներով հայոց պետականության համար. դրանից օգտվելու է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ Սյունիքը ՀՀ-ից պոկելու և Հարավային Կովկասը Մեծ Թուրանի մաս դարձնելու համար։
–00—ՍՊ