Ադրբեջանի հետ սինխրոն աշխատում են. ՀՀ իշխանությունն էլ է փչացնում ՌԴ-ի հետ հարաբերությունները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը համընթաց, ՀՀ իշխանություններն էլ են գործի անցել` ամենօրյա ռեժիմով փչացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Անգամ իշխող թիմի «վետերանների» համար է անընդունելի այս վարքագիծը, որոնք հասկանում են՝ ուր է հասցնելու ՌԴ-ին հակադրվելը։
Օրերս Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մեկնել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ ընդունելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին։ Եվ համատեղ ասուլիսում էլ մեղադրեց Լավրովին` «ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ», իսկ վերջինս ընդամենը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել ՀՀ-ում տեղի ունեցողի վերաբերյալ.
«Սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց, իհարկե, հազարամյա Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս Եկեղեցին ենթարկվեր հարձակումների՝ ըստ էության, առանց որևէ լուրջ հիմքի»։
Մինչդեռ, երբ Մակրոնն աջակցեց անօրինական կալանավորումները, նման «միջամտության» մասին ոչ մի բառ չասվեց»։
–00—ՍՊ