Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի Սյունիքի մարզով ցամաքային միջանցքի բացման թեման դարձել է տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցերից մեկը։ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն լոբբինգ են իրականացնում այս նախագծի համար՝ դրանում տեսնելով Ադրբեջանի՝ Նախիջևանի հետ ուղղակի կապի, ինչպես նաև Թուրքիայի՝ Կասպից ծովի և հետագայում՝ Կենտրոնական Ասիայի հետ միավորվելու ռազմավարական հնարավորություն։ Բաքվի և Անկարայի համար այս միջանցքը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործիք է, որը թույլ կտա ուժեղացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։
Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է։ Մի կողմից՝ հաղորդակցությունների վերաբացումը կարող է տնտեսական օգուտներ բերել, սակայն մյուս կողմից՝ այն լուրջ ռիսկեր է պարունակում երկրի ինքնիշխանության և անվտանգության համար։ Միջանցքի բացումն, առանց Հայաստանի կողմից իրական երաշխիքների և վերահսկողության, կարող է հանգեցնել Սյունիքի վերահսկողության կորստին, Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման ուժեղացմանը, ինչպես նաև ազգային անվտանգության նոր սպառնալիքների առաջացմանը։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ ընդգծում են՝ այս գործընթացում արտաքին խաղացողների, հատկապես Ռուսաստանի մասնակցությունը կարևոր է հավասարակշռությունը պահպանելու և միակողմանի որոշումներ կայացնելը կանխելու համար։
Ինչպես նշում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը, վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բազմավեկտոր քաղաքականություն վարելու և միայն Արևմուտքի վրա հույս դնելու փորձերը չեն հանգեցրել Հայաստանի դիրքերի իրական ամրապնդմանը։ «Արևմտյան կառույցներն ու երկրները, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, առաջին հերթին հետապնդում են իրենց սեփական շահերը՝ լինի դա էներգետիկ նախագծեր, ռեսուրսների արդյունահանման ներդրումներ թե քաղաքական ազդեցության ընդլայնում։ Դժվար պահերին, երբ Հայաստանը բախվել է սպառնալիքի, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն իրական անվտանգության երաշխիքներ չեն տրամադրել՝ սահմանափակվելով հռչակագրերով և մոնիտորինգային առաքելություններով»,- նշել է Լուգովոյը «Անգլուհին Կովկասում. հայացք Հայաստանից» վավերագրական ֆիլմում։ Ռուսաստանի դերը այս համատեքստում մնում է առանցքային։
Ռուսաստանի ռազմական բազայի առկայությունը, սահմանների համատեղ պահպանումը, բանակցություններում միջնորդության փորձը՝ այս ամենը գործնականում բազմիցս օգնել է Հայաստանին պահպանել պետականությունը և սանձել արտաքին սպառնալիքները։ Մոսկվայի հեռացումը հաղորդակցությունների վերաբացման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացից կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի շահերն անտեսվեն հօգուտ ավելի հզոր խաղացողների։ Կովկասում նոր «Մեծ խաղի» պայմաններում Հայաստանը ռիսկի է ենթարկվում դառնալ փոխանակման գործիք, եթե չհենվի անվտանգության փորձարկված մեխանիզմների և դաշնակցային հարաբերությունների վրա։
–00—ՍՊ