Դժվար է հավատալ, որ օրվա իշխանությունները կկարողանան բարոյազրկել Հայ Առաքելական Եկեղեցին

30/06/2025 16:05 Ներքին կյանք

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․ «Բոլշևիկները, սկսած 1917 թ., հետո ԽՍՀՄ-ը շուրջ 69 տարի փորձեցին համակարգված, հետևողականորեն, սկզբում նաև շատ ագրեսիվ, պայքարել կրոնի, հավատքի և եկեղեցու դեմ` ամենուր քարոզելով հավաքական աթեիզմի անփոխարինելիությունը: Անգամ 1968 թ. հրատարակեցին «Настольная книга Атеиста» «քարոզչագիրքը»:

Սակայն, աթեիզմի և ինտերնացիոնալի ծանր ծածկի տակ, շատերը մկրտվում էին և շարունակում էին մնալ հավատավորների շարքում: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած տարիները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ պայքարն այդ հարցում այդքան էլ արդյունավետ չի եղել:

Արդարացի լինելու համար, պետք է նշել, որ թերևս այլ իրողություններ կլինեին, եթե խոսքը վերաբերվեր աղանդներին, և դրանց տարածմանը կանխելու մոտեցումներին և գործիքակազմին: Բայց, այս մասին հաջորդ անգամ:

Դժվար և ցավալի է հավատալ, որ մեզանում բազմաթիվ աղետների պատասխանատու, բայց ոչ մեղավոր, կամ մեղավոր, բայց ոչ պատասխանատու օրվա իշխանությունները կկարողանան, մեղմ ասած ստվերել կամ  բարոյազրկել հայկական ինքնության ամենակարևոր հանգրվաններից մեկը` Հայ Առաքելական Եկեղեցին:

Միևնույն ժամանակ երկմտում ես, որ եթե կրոնի, հավատքի և եկեղեցու դեմ պայքարի հարցում Լենինի, Յարոսլավսկու, Բուխարինի, Լունաչարսկու, Տրոցկու, Կրասիկովի, Սկվորցովի նման «երևույթները» ձախողեցին, ո՞նց են հաջողելու մերօրյա պատմության մաս դեռ չդարձած, օրվա  իշխանությունների հակապատմական պրոպագանդիստները, «շատ բան կարդացած»` քիչ հասկացած քաղաքական շաղակրատները:

Հավատամքով առ Հայաստան և Հայ Առաքելական Եկեղեցի»։

–00—ՅՄ