Իրանի դեսպանն անդրադարձել է հայ-իրանական սահմանին առաջացող տրանսպորտային խցանումների խնդրին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի բնորոշմամբ՝ հայ-իրանական սահմանին ժամանակ առ ժամանակ առաջացող տրանսպորտային խցանումները պայմանավորված են բացառապես տեխնիկական խնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ երկու երկրներն էլ ակտիվ կապի մեջ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում։
«Դրանք ընդամենը տեխնիկական խնդիրներ են։ Երկու կողմում էլ այդ տեխնիկական խնդիրները կան։ Երբեմն 300 բեռնատար գալիս է սահմանային անցակետ, և տեխնիկական պատճառներով այդ քանակության մեքենաների առկայությունը խցանումներ է առաջացնում»,-նշել է դեսպան Սոբհանին։
Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանի ու Իրանի պատկան մարմինները նման հարցերի շուրջ մշտապես կապի մեջ են, որպեսզի հնարավոր լինի երթևեկությունը դյուրացնել ու տեխնիկական խնդիրները լուծել։
«Ինչպես Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, այնպես էլ պետական եկամուտների կոմիտեի հետ կապի մեջ ենք, որպեսզի առավելագույնս կարողանանք դյուրացնել տրանսպորտային շարժը, և նման խնդիրներ չառաջանան։ Կարող են խնդիրներ լինել, սակայն դրանք չեն կարող որպես խոչընդոտ ներկայացվել»,-ընդգծել է Իրանի դեսպանը։
–00—ՅՄ