Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։
Կողմերը վերահաստատել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներին հավատարիմ մնալու իրենց հանձնառությունը։
Համագործակցության հիմնական ուղղությունները ներառում են.
-հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և մատուցվող ծառայություններ,
-օրենսդրական բարեփոխումներ,
-աշխատաշուկայի ներառականության քաղաքականություններ,
-անկախ կյանքի խթանում և սոցիալական երաշխիքների մեխանիզմների բարելավում և այլն։
Համագործակցությունը կիրականացվի՝
-համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների մշակման,
-փորձի փոխանակման ծրագրերի,
-հանդիպումների, համաժողովների, հետազոտությունների, ոլորտային քննարկումների կազմակերպման միջոցով։
Կողմերը փաստաթղթի ստորագրումը երկու երկրների համար որակել են որպես կարևոր քայլ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և հավասար հնարավորություններով ապահովման ճանապարհին։
—00—ՄԱ