Հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրին Մայր Աթոռի անսասանության համար

22/06/2025 17:38 Ներքին կյանք
Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։

Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Տոնի առիթով հավատացյալների օրհնության, մխիթարության և երկրպագության համար դուրս էին բերվել նաև Սուրբ Էջմիածնում պահվող Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Սկևռայի մասանց պահարանը և Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը:

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի զանգակատան առջև կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

—00—ՍՊ