Մանրամասներ՝ Տաթև-Լծեն ճանապարհի խոշոր ավտովթարից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Հունիսի 22-ին, ժամը 13:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տուժածներին ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: